Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը

Աշխաբադում ընթացող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, որի ընթացքում  քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից

Երկուստեք կարևորվել է բարձր մակարդակում ծավալվող ինտենսիվ երկխոսությունը, և անդրադարձ է կատարվել երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ոլորտային խորհրդակցություններին: 

«Գոհացնող է մեր երկխոսության, մեր փոխհարաբերությունների բարձր մակարդակը, մենք ակտիվորեն համագործակցում ենք նաև միջազգային օրակարգի հարցերի շուրջ: Երևանում կայացած ԵԱՏՄ գագաթաժողովը լավ հնարավորություն էր ամենաբարձր մակարդակով անդրադառնալ այդ ինտեգրացիոն հարթակի հետագա զարգացման հեռանկարներին»,- նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Արտգործնախարարները մտքեր են փոխանակել հայ-ռուսական դաշնակցային օրակարգային, բազմակողմ հարթակներում՝ ՄԱԿ, ԵԱՀԿ և այլն, ինչպես նաև ինտեգրացիոն գործընթացներում համագործակցությանն առնչվող տարաբնույթ հարցերի շուրջ: 

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ խնդիրներ, այդ թվում՝ Սիրիայում տեղի ունեցող վերջին՝ Թուրքիայի գործողություններով պայմանավորված զարգացումները:

Հանդիպմանն արծարծվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com