ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի միջազգայնացման ուղին

«Շրջակա միջավայրի պաշտպանություն (բնապահպանություն)» կրթական ծրագրերի արդիականացում Հայաստանի և Վրաստանի համար» 598232-EPP-1-2018-1-IT-EPPKA2-CBHE-JP կարողությունների զարգացման դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ բնապահպանության և բնօգտագործման ամբիոնում իրականացվել է դասավանդվող և դասավանդվելիք դասընթացների համեմատական վերլուծություն: Վերլուծությունը կատարվել էդասընթացների բովանդակությունը համեմատելով միջազգային չափանիշներով առաջնորդվող եվրոպական գործընկեր համալսարանների (Տուշայի համալսարան, Լիսաբոնի տեխնիկական համալսարան, Մարտին Լյութերի Հալլե Վիթենբերգ համալսարան, Իտալիայի հետազոտությունների ազգային խորհուրդ) և եվրոպական այլ առաջադեմ համալսարանների (Վախենինգենի համալսարան ու հետազոտական կենտրոն, (Նիդերլանդներ), Նեապոլի Ֆրիդրիխ II-ի անվան համալսարան (Իտալիա), Ժնևի համալսարան (Շվեյցարիա), Օսլոյի համալսարան (Նորվեգիա), Ռեդինգի համալսարան (Անգլիա), Դուբլինի համալսարանական քոլեջ (Իռլանդիա), Նյուքասլի համալսարան (Անգլիա), Թրիերի համալսարան (Գերմանիա), Նորթումբրիայի համալսարան (Անգլիա) կողմից առաջարկվող համարժեք դասընթացների հետ: Ընդհանուր առմամբ, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնում դասավանդվող և դասավանդվելիք 11 դասընթացների առարկայական նկարագրերը 13 չափանիշների շրջանակներում համեմատվել են 12 առաջավոր գիտակրթական հաստատությունների կազմած առարկայական նկարագրերի հետ: Յուրաքանչյուր համեմատական վերլուծության վերջում դասախոսները ներկայացրել են հիմնական նմանությունները և տարբերությունները, ինչպես նաև բարեփոխման առաջարկներ:
Ծրագրի շրջանակներում նաև իրականացվել է ՀՀ-ում բնապահպանական կրթության ՍՎՈԹ վերլուծությունը՝ մի քանի չափորոշիչների համաձայն, որը ներկայացնում էր բնապահպանական կրթության ներկա իրավիճակը ՀՀ-ում, շահեկիցներին, առկա ռեսուրսները և օրենսդրական կարգավորումները, պոտենցիալ գործատուների շրջանակում կատարված հարցումների արդյունքները:
Ծրագրի շրջանակներում 2020 թ. ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ բնապահպանության և բնօգտագործման ամբիոնում կազմակերպվելու է ամառային դպրոց՝ «Բնապահպանական կրթությունը հանուն կայուն առողջության» խորագրով:
Ամառային դպրոցը ուսանողներին հնարավորություն կտա դաշտային և լաբորատոր աշխատանքների կատարման փորձառություն ձեռք բերել, օրինակ՝ վերլուծության համար նմուշառում և նմուշարկում կատարել, շրջակա միջավայրի և սննդի վերլուծություն իրականացնել տարբեր բաղադրիչների վրա՝ հողից ու բուսականությունից մինչև աերոզոլներ ու սնունդ, մարդածին ազդեցության գնահատում կատարել: Ուսանողները ձեռք կբերեն նաև հողի մշտադիտարկման, հողի քարտեզագրման և հեռազննման գործնական հմտություններ, ինչպես նաև վերլուծական հմտություններ՝ ուղղված շրջակա միջավայրում և մարդու սննդակարգում օրգանական, անօրգանական և ռադիոակտիվ աղտոտիչների վերաբերյալ որոշումների կայացման գործընթացին:

ԳԿՄԿ հանրային կապերի բաժին

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com