ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՆԱՍՅՈՒՆԸ

Նոյեմբերի 4-ը Հայաստանում նշվում է որպես սոցիալական աշխատողի օր:

Շնորհավորում եմ մեր երկրում սոցիալական աշխատանքն իրենց ուսերի վրա իրապես տանող մարդկանց՝ նվիրյալներին:

Մեր երկրի Սահմանադրությամբ հստակ է պետության դերն ու պարտավորությունը՝ յուրաքանչյուր քաղաքցու սոցիալական խնդիրների լուծման և արժանապատիվ գոյության ապահովման գործում:
Պետության առանցքային այս գործառույթն իրականություն է դառնում սոցիալական աշխատողների ամենօրյա աշխատոնքով՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց հայտնաբերման, սոցիալական կարիքների համակողմանի գնահատման և նրանց խնդիրները լուծելու ճանապարհով:

Մեր երկրում սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումը մեկնարկել է տարիներ առաջ: Սակայն փաստ է, որ շարունակում են չլուծված մնալ բազմաթիվ խնդիրներ, որոնք ուղղակի վերաբերում են սոցիալական աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը, այդ բարդ և պատասխանատու աշխատանքը կատարող բազահազար աշխատողների համար օբյեկտիվորեն անհրաժեշտ նվազագույն երաշխիքների ապահովմանը:
Մասնավորապես, առկա սոցիալ-տնտեսական պայմանների վերաբերյալ սոցիալական աշխատողի եզրակացությամբ է գնահատվում ընտանիքի կարիքավորությունը: Հենց դրանով է որոշվում ընտանիքի անդամների սոցիալական աջակցության տեսակն ու չափը:

Եվ սա էլ այն դեպքում, երբ ներդրված չէ ընտանիքի անապահովության գնահատման լիարժեք մեթոդաբանություն, չկա սոցիալական աշխատողներին մասնագիտական վերապատրաստումների և ընթացիկ աջակցության գործուն համակարգ, ապահովված չէ սոցիալական աշխատանքի կատարման համար ենթադրվող գործուղման նվազագույն ծախսերի հատուցումը, իսկ սոցիալական աշխատողների վարձատրությունը գրեթե համարժեք է նվազագույն ամսական աշխատավարձի չափին:

Այսպիսի իրողության պարագայում անհնար է հավաքական իմաստով սոցիալական աշխատանքը զերծ պահել արդյունավետության խնդիրներից և տարաբնույթ ռիսկերից: Առիթներ ունեցել ենք բազում անգամներ նշելու վերջիններիս դրսևորման կոնկրետ դեպքերը և հետևանքները, որոնց համար պատասխանատվության տարբեր միջոցներ վերջերս կիրառում են միայն շարքային աշխատողների նկատմամբ: Իսկ այս համակարգի բարձրաստիճան պատասխանատուները, փաստորեն, իրենց պարգևատրում են ամեն ամիս՝ իրենց աշխատավարձի չափով: Նաև այս անարդյունք պարգևատրումներով է մսխվում սոցիալական աշխատողների աշխատավարձերի երկար սպասված բարձրացման և նարնց սոցիալ-աշխատանքային նվազագույն երաշխիքների ապահովման առկա հնարավորությունը:

Ամփոփելով՝ սոցիալական աշխատողը պետք է առաջնային գնահատվի՝ իր աշխատանքի բարդությանը և հանրային կարևորությանը համարժեք: Իսկ սոցիալական աշխատանքի արդյունավետության բարձրացման համակարգային բարեփոխումները պետք է ոչ թե հետաձգվեն պոպուլիստական հայտարարությունների շղարշով, այլ պետք է դառնան սոցիալական պաշտպանության ոլորտի իրական ու առանցքային օրակարգ: 


Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com