ՀՀ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ վիզային ռեժիմի չեղարկումը դրականորեն կանդրադառնա մշակութային համագործակցության ակտիվացման վրա․ ԱԳՆ

Հայաստանի եւ Չինաստանի միջեւ վիզային ռեժիմի չեղարկումը դրականորեն կանդրադառնա ոչ միայն զբոսաշրջության ցուցանիշների, այլեւ մշակութային համագործակցության ակտիվացման վրա։ Այս մասին նոյեմբերի 25-ին արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում «Հայսատանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջեւ՝ վիզային ռեժիմը սովորական անձնագրերով քաղաքացիների համար փոխադարձ չեղարկելու մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը։

Փոխնախարարը տեղեկացրեց, որ նոր համաձայնագրով նախատեսվում է երկու երկրների քաղաքացիներին մոտքի վիզայի առկայությունից ազատել երկու երկրների տարածքում 90 օրից պակաս մնալու դեպքում։

Սակայն, ավելի երկար մնալու պարագայում, օրինակ, աշխատելու կամ ցանկացած այլ գործունեության, ուսման կամ մշտական բնակվելու նպատակով, քաղաքացիները պարտավոր են մուտքի վիզա ստանալ։

Ընդ որում, ինչպես նշեց Ադոնցը, համաձայնագրում կան որոշակի վերապահումներ, որոնք վերաբերում են Չինաստանի ամբողջ տարածքին, բացառությամբ Հոնկոնգի եւ Մակաոյի, այդ շրջանների համար իրավական այլ կարգավորումներ կգործեն։

Նշենք, որ մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նշված համաձայնագրի վավերացման մասին նախագծին։

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com