Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 26-ին ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրին:

Ողջունելով հյուրին, որը Հայաստան է ժամանել՝ Մարդու իրավունքների պաշտպանի 15-ամյակի առթիվ ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում մեկնարկած միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով, Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը չափազանց բարձր է գնահատում ԵԱՀԿ բոլոր ինստիտուտների գործունեությունը՝ ուղղված մեր մեծ տարածաշրջանում անվտանգության հարցերի լուծմանը, ինչպես նաեւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանը: ԱԺ նախագահը նաեւ շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ բոլոր ինստիտուտների կողմից Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների աջակցության համար եւ ընդգծել, որ մեր երկիրը հատկապես հպարտանում է անցյալ տարի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններով, եւ այդ ընտրությունների ընթացքում մեր սահմանած բարձր նշաձողով:

«Իհարկե, մենք շատ լավ հասկանում ենք, որ իրականում սա քաղաքակիրթ աշխարհի համար մի սովորական երեւույթ է, մի նախապայման, որի վրա կառուցում են ժողովրդավարական հասարակությունը, բայց Հայաստանի համար սա մի աննախադեպ երեւույթ էր եւ հիմա մեր քաղաքական իշխանությունը պիտի գործադրի բոլոր ջանքերը, որպեսզի ինչպես այս ձեռքբերումը, այնպես էլ մեր բոլոր ժողովրդավարական բարեփոխումներն անշրջելի լինեն»,- ասել է Արարատ Միրզոյանը:

Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրը նշել է, որ ուրախ է մասնակցելու այս միջոցառմանը եւ իր համար շատ դրական փորձ է՝ տեսնել Հայաստանում ընթացող բարեփոխումները: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակի տնօրենն ընդգծել է, որ իրենք պատրաստ են Հայաստանին աջակցել բոլոր ուղղություններով: Անդրադարձ է կատարվել Ընտրական օրենսգրքում բարեփոխումներին, կուսակցությունների մասին օրենքին, դատաիրավական ոլորտում իրականացվելիք բարեփոխումներին:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com