Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին. ՔԿ

Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ այս պահին դեպքի վայր են մեկնում ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Մեսրոպյանը:

Դեպքի վայրում աշխատում են ՀՀ ՔԿ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հ. Գևորգյանի գլխավորությամբ:

Կենսագրություն

Գեորգի Կարենի Կուտոյան (սեպտեմբերի 30, 1981, Երևան), հայ իրավաբան, ՀՀ պետական գործիչ, ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն։
Կրթություն

1997-2002 թթ. — սովորել և գերազանցությամբ ավարտել է Ռոստովի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։

2002-2005 թթ. — սովորել և ավարտել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան։ Իրավաբանական գիտությունների թեկնածու։

2007 թ. ավարտել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը:


Աշխատանքային գործունեություն

2002-2010 թթ. — Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում զբաղվել է գիտամանկավարժական գործունեությամբ։

2005-2006 թթ. — Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության գիտաուսումնական կենտրոնի գիտական աշխատող, այնուհետև՝ իրավական և կառուցվածքային բարեփոխումների բաժնի դատախազ։

2006-2007 թթ. — Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ավագ խորհրդական։

2008-2010 թթ. — Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր իրավախորհրդատու։

2010-2011 թթ. — զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։

2011 թ. ՀՀ Նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական։

2011-2014 թթ. — Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ։

2011 թ. հուլիսի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամ՝ երեք տարի ժամկետով։

2013 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ։

2016 թ. փետրվարի 3-ին ՀՀ Նախագահի կարգադրությամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականի պաշտոնից։

2016 թ. փետրվարի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ։


2016 թ. փետրվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից։


2016 թ. փետրվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն։

2018 թ. մայիսի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com