Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը

1

Փետրվարի 3-ին ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում, որը նախագահել է Նաիրա Զոհրաբյանը, քննարկվել է Կառավարության հեղինակած  «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Օրինագծով մասնավորապես սահմանվում է, որ  կազմակերպությունները պարտավոր են յուրաքանչյուր տարի իրենց պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել գործունեության տարեկան հաշվետվությունը, որը հրապարակվելու է նաեւ ՀՀ ՊԵԿ հարկային ծառայության պաշտոնական կայքում (www.taxservice.am)՝ հասանելի յուրաքանչյուրին:

Հաշվետվությունը, ըստ առաջարկվող նախագծի, ներառելու է կազմակերպության լրիվ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, գտնվելու վայրը, պետական գրանցման համարը, գործադիր մարմնի ղեկավարի անունը եւ պաշտոնը, կանոնադրությամբ սահմանված գործունեության առարկան եւ նպատակները, կազմակերպության անդամների, ինչպես նաեւ այն կամավորների թիվը, որոնց աշխատանքի տեւողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը, անցկացված նիստերի քանակը, իրականացված ծրագրերի անվանումը եւ համառոտ նկարագրությունը, տարեկան մուտքերի (դրամական եւ/կամ գույքային) ընդհանուր գումարը եւ այլն:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով՝ նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի հանրությանը հասանելի դարձնել հասարակական կազմակերպությունների հաշվետվությունները:

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի տեղեկացմամբ՝ օրինագծի վերաբերյալ եղել են հանդիպումներ հկ-ների ներկայացուցիչների հետ, լսվել են նրանց մտահոգությունները: Նրա գնահատմամբ՝ կազմակերպություններն անհանգստացած են, որ իրենց գործունեության բովանդակային մասը պետք է ՊԵԿ-ը գնահատի:

Հարակից զեկուցող Արթուր Հովհաննիսյանը կարեւորել է օրինագծի ընդունումը՝ կազմակերպությունների թափանցիկության, հանրային վստահության ու վերահսկողության բարձրացման առումով: Պատգամավորի կարծիքով՝ անհրաժեշտ է բարձրացնել հաշվետվությունն օրենքով սահմանված ձեւով չհրապարակելու տույժի չափը, որն ըստ առաջարկվող կարգավորմամբ՝ 50.000դրամ է:

Օրինագիծը 4 կողմ, 3 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ստացել է հանձնաժողովի բացասական եզրակացությունը: 

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com