ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՎԱԶԳԵՆ ՅԱԿՈՒԲՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՐՑԱԽԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԵՏ

Մայիսի 22-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի հանդիպումը Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

Վազգեն Յակուբյանը, փոխանցելով ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի եւ Կենտրոնական վարչական ժողովի անդամների բարեմաղթանքները, կրկին անգամ շնորհավորեց Արայիկ Հարությունյանին համապետական ընտրություններում հաղթանակի եւ նախօրեին պաշտոնը ստանձնելու առթիվ։

Նախագահ Հարությունյանը կարեւորել ու շնորհակալություն է հայտնել ՀԲԸՄ-ի՝ տարիներ ի վեր Արցախի հետ ունեցած սերտ համագործակցության համար, եւ նշել, որ հանրապետության իշխանություններն այսուհետ եւս պատրաստ են իրենց գործուն աջակցությունը բերել ՀԲԸ Միության ծրագրերի շարունակականության ապահովմանը:

Ներկայացնելով Արցախում ՀԲԸՄ-ի կողմից իրականացվող տարաբնույթ ծրագրերը` Վազգեն Յակուբյանը հավաստիացրել է, որ բոլոր ուղղություններով դրանք ընդլայնման ներուժ ունեն:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում առավել մանրամասն քննարկել նոր հնարավորությունները։

Տեղեկություն Արցախում ՀԲԸՄ կողմից իրականացվող ծրագրերի մասին.

ՀԲԸՄ «Հուսո դաշտեր» ծրագիրն օգնում է ագրո-ձեռներեցներին, այդ թվում՝ սիրիահայ գյուղատնտեսներին շրջանառու փոխառությունների տրամադրմամբ՝ պետության կողմից հատկացված հողակտորների վրա ցանք կատարելու նպատակով: Նաեւ անվճար տրամադրվում են տրակտորներ եւ գյուղատնտեսական այլ սարքավորումներ:

ՀԲԸՄ «Ձիթենու այգիներ» ծրագրի շրջանակներում Արցախում 30 սիրիահայ ընտանիքի օժանդակություն է տրամադրվել երկրի հարավային շրջաններում տնկելու երաշտադիմացկուն եւ ցրտադիմացկուն ձիթենու ծառեր` բացելով Արցախում ձիթապտղի արդյունաբերության հեռանկարներ:

«Սովորի՛ր եւ վաստակի՛ր» ծրագիրը հնարավորություն է ընձեռում ստանալ հիմնավոր գիտելիքներ ձեռնարկատիրության բնագավառում եւ շարունակական աջակցություն սեփական բիզնեսը սկսելու կամ ընդլայնելու համար: Ծրագիրը ներառում է հավաստագրման դասընթացներ՝ ուղղված անգլերեն

լեզվի իմացության կատարելագործմանը, ինչպես նաեւ հանրային կառավարման եւ զբոսաշրջության ոլորտների զարգացմանը:

Արցախի կամերային նվագախումբ. 2004 թվականից ի վեր 20 հոգուց բաղկացած այս նվագախումբը հռչակ է ձեռք բերել Արցախում, Հայաստանում եւ արտերկրում ՝ հանդես գալով բազմաթիվ հյուրախաղերով եւ դրանով իսկ բարձրացնելով Արցախի համբավը:

ՀԲԸՄ կանանց հզորացման նախաձեռնություն. Այս նախագծի շրջանակներում իրականացվող «ՀԲԸՄ Կին ձեռներեցներ» ծրագիրը կոչված է աջակցություն ցուցաբերել փոքր բիզնես սկսելու կամ այն ընդլայնելու գործում՝ սկսած մասնագիտական բիզնես-վերապատրաստումից, փոքր դրամաշնորհներից մինչեւ փորձագիտական խորհրդատվություն, մենթորինգ, համագործակցության ցանցեր ձեւավորելու հնարավորություններ:

ԹՈՒՄՈxՀԲԸՄ. ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը արտադպրոցական ծրագիր է, որը Ստեփանակերտում ամբողջովին ֆինանսավորվում է ՀԲԸՄ-ի կողմից՝ հնարավորություն ընձեռելով աշակերտներին ետ չմնալ Հայաստանի եւ արտերկրի իրենց հասակակիցներից:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com