ՄԻՊ-ը «Փոքր Մհեր» կրթահամալիրում մտահոգիչ և անհետաձգելի միջամտություն պահանջող խնդիրներ է բացահայտել

Տեղեկության հրապարակային աղբյուրներից 2016 թվականի նոյեմբերի 28-ին ստացած տվյալների համաձայն՝ «Փոքր Մհեր» կրթահամալիրի տնօրենը պարբերաբար սպառնալիքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցնում կրթահամալիրի սաների և սպաների հասցեին՝ վիրավորելով նրանց արժանապատվությունը:

ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ սեփական նախաձեռնությամբ: Տեղի է ունեցել անհապաղ այց «Փոքր Մհեր» կրթահամալիր:
Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ ունեցել կրթահամալիրի սաների հետ, հանդիպել կրթահամալիրի ղեկավարությանը, կատարել այլ համապատասխան ուսումնասիրություններ:

Այցի ընթացքում բացահայտել են մտահոգիչ և անհետաձգելի միջամտություն պահանջող խնդիրներ: Կրթահամալիրի սաները առանձնազրույցների ընթացքում պնդել են իրենց նկտամամբ վատ վերաբերմունքը, որ հնչել է նաև հրապարակայնորեն: Բացահայտվել են նաև խնդիրներ, որոնք վերաբերում են կրթահամալիրի գործունեությունը կարգավորող ակտերին, ինչպես նաև այդ հաստատությունում սովորողների նկատմամբ ներգործության միջոցներին ու դրանց կիրառության պրակտիկային:

Մարդու իրավունքների պաշտպանը հարցն անմիջապես քննարկվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի հետ և քննարկման արդյունքներով պայմանավորված նաև նախարարություն են ներկայացվել կրթահամալիրում արձանագրված խնդիրները՝ դրանց լուծմանն ուղղված առաջարկով:

Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է այս հարցում ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ աշխատանքը և հետևողական կլինի «Փոքր Մհեր» կրթահամալիրում երեխաների իրավունքների պատշաճ պաշտպանությունն ապահովելու գործում: «Սույն հայտարարությամբ չեն հրապարակվում նկարագրված խնդիրների մանրամասները՝ հաշվի առնելով երեխաների լավագույն շահը, ինչպես նաև հարցի քննարկման ընթացակարգի իրավական պահանջը»,- հայտնում են ՄԻՊ-ից:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com