Այսօր Շախմատի միջազգային օրն է

Հուլիսի 20-ին ամբողջ աշխարհում նշվում է շախմատի միջազգային օրը: Առաջին անգամ այն նշվել է 1924-ին, գրում է Calend.ru-ն։

«Շախմատը յուրահատուկ խաղ է, որը միավորում է ամբողջ աշխարհի մարդկանց։ Հույս ունեմ, որ կգա մի ժամանակ, երբ բոլոր ճակատամարտերը եւ պատերազմները կտեղափոխվեն շախմատի խաղատախտակի վրա»,- նշել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյումժինովը։

ՖԻԴԵ-ն ստեղծվել է 1924-ի հուլիսի 20-ին։ ՖԻԴԵ-ն միջազգային ոչ կառավարական սպորտային կազմակերպություն է, որ միավորում է տարբեր երկրների շախմատի ազգային ասոցիացիաները։ Ներկայում ՖԻԴԵ-ի անդամ է 191 ազգային ֆեդերացիա։ ՖԻԴԵ-ի գործունեության նպատակն է ամբողջ աշխարհում շախմատի տարածումն ու զարգացումը, ինչպես նաեւ շախմատի մշակույթի քարոզն ու մակարդակի բարձրացումը։

Ի դեպ, խաղի անունը ծագում է պարսկերենից՝ շախ մատ՝ արքան մահացել է։ Շախմատի հայրենիքը Հնդկաստանն է, որտեղ 5-րդ դարում ի հայտ է եկել խաղի նախահայրը՝ չատուրանգա խաղը։

Շախմատ խաղի նպատակն է մատ հայտարարել մրցակցի արքային։ Համարվում է, որ շախմատը զարգացնում է հիշողությունը, մտավոր ունակությունները, ստեղծագործ եւ տրամաբանական մտածողությունը։ ՖԻԴԵ-ի տվյալներով՝ այսօր շախմատը՝ որպես սպորտի տեսակ, ճանաչվել է աշխարհի 107 երկրներում։

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com