Ստամբուլի նախկին նահանգապետը պահանջել է ոչնչացնել Դինքի սպանության նախապատրաստության նյութերը. ամբաստանյալի հայտարարությունը

Ստամբուլում շարունակվում են պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստերը:

Նախօրեին կայացած դատական նիստում աղմկահարույց հայտարարություն է արել ամբաստանյալներից Տրապիզոնի հետախուզության շտաբի նախկին ղեկավար Ռամազան Աքյուրեքը, որը խոստովանել է, որ Դինքի սպանության նախապատրաստական փուլում Ստամբուլի այն ժամանակվա նահանգապետ Ջելալեդդին Ջերահն իրենից պահանջել է ոչնչացնել սպանության նախապատրաստման մասին վկայող բոլոր նյութերը: Այս մասին հաղորդում է «Ակօսը»:
Նշենք, որ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին կայացած դատական լսումների ժամանակ հարցաքննվել են Տրապիզոնի նախկին ոստիկանապետ Ալի Ֆուաթ Յըլմազերն ու հետախուզության շտաբի նախկին ղեկավար Ռամազան Աքյուրեքը, Տրապիզոնի ոստիկանության հետախուզության բաժնի ներկայիս ղեկավարի օգնական Հասան Դուրմուշօղլուն, ինչպես նաև այժմ Թուրքիայի հետախուզության գլխավոր շտաբի ղեկավար, Տրապիզոնի հետախուզական շտաբի նախկին պետ Էնգին Դինչը:
Դինքի ընտանիքի փաստաբանի ներկայացրած միջնորդության հիման վրա հարցաքննվել է Օգյուն Սամասթը:
Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն գրեթե 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com