Կազմել եմ ճիշտ նախագիծ, ճիշտ եմ արել, որ խորհրդարան եմ բերել այս տեսքով

1000 դրամ զոհված զինծառայողների կամ հաշմանդամների ընտանիքներին աշխատավարձերից պարտադիր կարգով փոխանցելու հարցի խորհրդարանական քննարկումները ցույց տվեցին, որ խնդիրը բոլորին է հետաքրքիր: ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ շնորհակալություն հայտնելով խորհրդարանական անկեղծ ու բովանդակային քննարկման համար:

«Մենք կարող ենք համաձայնել կամ չհամաձայնել իրար հետ՝ մեթոդների, ձևերի, դրված հարցադրումների, լուծումների շուրջ, բայց մենք բոլորս համաձայն ենք, որ սա այն հարցն է, որին երկրի խորհրդարանը, գործադիր մարմինը կարող են ամբողջական օրեր հատկացնել: Ամենավատ բանն անտարբերությունն է: Իսկ այս օրերին ես անտարբերության պակաս ակնհայտորեն չզգացի»,-ասաց Վիգեն Սարգսյանը:
Պաշտպանության նախարարն ասաց, որ այսօր Եռաբլուր պանթեոն էր այցելել, որտեղ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի 20-ամյակի առիթով հարգանքի տուրք մատուցվեց, ու տեսնելով ապրիլյան քառօրյա պատերազմից հետո զոհվածների շիրիմները՝ ինքն իրեն հարցրել է՝ արդյո՞ք ճիշտ ենք վարվում, որ բաժանարար գիծ ենք քաշում։

«Ես նայում էի այնտեղ կանգնած ծնողների աչքերին, շիրիմներին ու հասկացա, որ մենք ճիշտ ենք: Եթե ինչ-որ պահի մենք չենք ունեցել ինչ-որ մի զինատեսակ, չի նշանակում, որ ապագայում պետք է ձեռք չբերենք այն, եթե մենք ժամանակին պայքարել ենք առանց խրամատ, չի նշանակում, որ պետք է չունենանք նորը: Աստված կտա ու կլինենք այն երկիրը, որ կկարողանանք հին ու նոր՝ հատուցել բոլորին, բայց պե՞տք չէ արդյոք քաղել անցյալի դասերը ու հասկանալ, թե ինչ կարող ենք անել այլ կերպ: Հիմա այստեղ եկել եմ ամրացած իմ համոզմունքներով, որ կազմել եմ ճիշտ նախագիծ, ճիշտ եմ արել, որ բերել եմ այս տեսքով»,- նշեց Վիգեն Սարգսյանը:

Նախարարը հորդորեց կողմ քվեարկել օրենքի նախագծին, դեմ կոճակը չսեղմել, իսկ ասածին հակառակ կողմ քվեարկելու պարագայում, գոնե՝ չքվեարկել, որովհետև քվեարկությանը հետևում են Հայաստանից դուրս:

Խնդրում ենք գնահատել

Facebooktwitterredditpinterestlinkedinmail
Կիսվել
ContactUs.com