Ադրբեջանական կողմը, օգտվելով հրադադարի մասին պայմանավորվածությունից, իր դիերի որոշ մասը դուրս է բերել մարտական գործողությունների գոտուց. Banak.info (տեսանյութ)

Banak.info-ն ֆիքսել է բացառիկ կադրեր, որտեղ երևում է՝ ինչպես է ադրբեջանական կողմը, հրադադարի վերաբերյալ պայմանավորվածության համաձայն, դուրս բերում իր դիերը մարտական գործողությունների գոտուց:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հոկտեմբերի 10-ին տարածած հայտարարությամբ պատրաստակամություն էր հայտնել աջակցելու մարտական գործողությունների ընթացքում զոհվածների աճյունների արտահանձնմանը և ազատազրկվածների համաժամանակյա ազատմանը։

Հոկտեմբերի 9-ի՝ լույս 10-ի գիշերը Մոսկվայում մոտ 11 ժամ տևած բանակցություններից հետո Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարները համատեղ հայտարարություն էին ընդունել, ըստ որի՝ 2020 թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվել է հրադադար`ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար`Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինի չափանիշների համաձայն։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 10-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 165 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4569 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 415 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, ողջ օրվա ընթացքում հրթիռակոծել ու հրետակոծել Արցախի բազմաթիվ բնակավայրեր:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ադրբեջանական կողմը, օգտվելով հրադադարի մասին պայմանավորվածությունից, իր դիերի որոշ մասը դուրս է բերել մարտական գործողությունների գոտուց. Banak.info (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*