«Ադրբեջանը ներկայում չի դիտարկում ՀԱՊԿ-ին որևէ ձևով մասնակցության հարցը». Ալիևի աշխատակազմ

Ադրբեջանը չի դիտարկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը որպես դիտորդ մասնակցության հարցը: Այդ մասին, ինչպես հայտնում է minval.az-ը, հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ «Real» հեռուստաալիքին տված հարցազրույցում: 

«Ադրբեջանը ներկայում չի դիտարկում ՀԱՊԿ-ին որևէ ձևով մասնակցության հարցը»,- ասել է Հաջիևը:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանն ունի սերտ բարեկամական և գործընկերային հարաբերություններ կազմակերպության անդամ երկրներից բոլորի հետ՝ բացառությամբ Հայաստանի:

Նա, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ չնայած դրան՝ «Ադրբեջանն ուշադիր հետևում է ՀԱՊԿ-ի գործունեությանը և այնտեղ քննարկվող հարցերին»:

Ավելի վաղ Երևանում, պատասխանելով լրագրողների հարցերին, Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը հայտարարել էր, որ Մոսկվան դեմ չէ, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանա:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում դիտորդի կամ գործընկեր երկրի կարգավիճակի հավակնող պետությունը պետք է ունենա դիվանագիտական հարաբերություններ ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել էր ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով Յուրի Բորիսովի հայտարարությանը:

ՀԱՊԿ-ի անդամ երկիր են Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "«Ադրբեջանը ներկայում չի դիտարկում ՀԱՊԿ-ին որևէ ձևով մասնակցության հարցը». Ալիևի աշխատակազմ"

Leave a comment

Your email address will not be published.


*