«Ադրբեջանը պետք է իմանա, որ Հայաստանի հետ հնարավոր չէ խոսել սպառնալիքների լեզվով». Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը «Կոմերսանտ»-ին

Ադրբեջանը հուսով է, որ նրան կհաջողվի Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացում հրահրել, որպեսզի այդ ֆոնին սադրիչ գործողություններ իրականացնի: Այդ մասին ռուսական «Կոմերսանտ» պարբերականին տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ իրավիճակը չի հասնի պատերազմի:

«Բայց քանի որ դուք բոլորդ տեսնում եք, և մենք բոլորս համոզվեցինք, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում չկան և չեն լինի մեծ քաղաքական խնդիրներ, կարծում եմ, որ Ադրբեջանի այդ սցենարը պարզապես ձախողվեց: Խնդիրն այն է, որ Ադրբեջանի նախագահը վախենում է, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացները կարող են տեղափոխվել Ադրբեջան, և ցանկանում է Ղարաբաղում՝ Ղարաբաղի հետ շփման գոտում իրավիճակի սրացման օգնությամբ շեղել իր քաղաքացիների ուշադրությունը ներքին խնդիրներից և ինչ-որ կերպ հաղթահարել այդ ներքաղաքական խնդիրները, որոնք այժմ կան»,- ասել է նա:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ շփման գոտում իրավիճակը բավական կայուն է, սակայն նշել է, որ երբ Հայաստանն Ադրբեջանի կողմից ռազմական հռետորաբանություն է լսում, դա բարձրացնում է լարվածության մակարդակը երկրների հարաբերություններում:

«Հույս ունեմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը կփոխի իր պահվածքը: Մենք բոլորս պետք է աշխատենք հակամարտության իրական խաղաղ կարգավորման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Հայաստանը պետք է գնա այդ ճանապարհով, բայց Ադրբեջանը պետք է իմանա, որ Հայաստանի հետ հնարավոր չէ խոսել սպառնալիքների լեզվով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը նշել է, որ կարգավորման գործընթացը փակուղում է, որովհետև Ադրբեջանն օգտագործում է ռազմական հռետորաբանություն, սպառնում է պատերազմով, իսկ այդ մթնոլորտում չեն կարող լինել կառուցողական բանակցություններ:

«Դրանք սկսելու համար հարկավոր է մթնոլորտ այդ բանակցությունների համար: Մենք պատրաստ ենք աշխատել այդ ուղղությամբ: Ինչ վերաբերում է ձևաչափին: Ես Հայաստանի վարչապետն եմ, և ես պատրաստ եմ այդ բանակցություններին մասնակցել Հայաստանի Հանրապետության անունից: Բայց ես չեմ կարող խոսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անունից: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի մասնակցում Հայաստանում իշխանության ձևավորման գործընթացներին: Նրանք իրենց իշխանությունն ունեն, իրենց կառավարությունը, իրենց նախագահը: Ղարաբաղը պետք է ներկայացնի լեգիտիմ ներկայացուցիչ, ով այդ ժողովուրդը ներկայացնելու մանդատ ունի: Դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք բանակցություններից, մենք պատրաստ ենք դրանց ցանկացած պահի: Բայց Ղարաբաղը պետք է ներկայացնի միայն Ղարաբաղի ներկայացուցիչը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը հավելել է, որ նա ոչ մի սենսացիոն բան չի ասում, քանի որ Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների արած բոլոր երեք հայտարարություններում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտման միջոցով:

«Դա նշանակում է, որ բոլորը հասկանում են, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության մի կողմն է, և հնարավոր չէ պատկերացնել, որ մեկը կարող է այդ խնդիրը լուծել առանց նրա մասնակցության: Եթե մենք իսկապես խոսում ենք հակամարտության լուծման մասին, ապա պետք է փորձենք լուծել այդ հակամարտությունը ճիշտ ձևաչափով: Գուցե մեր բանակցային գործընթացն առաջ չի շարժվում, որովհետև մենք չունե՞նք բանակցությունների ճիշտ ձևաչափ: Ես նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը»,- ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանը պատկերացնում է հետագա բանակցային գործընթացը միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում:

«Յոթ շրջանների վերադարձի մասին» հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի սահմանադրությամբ այդ տարածքները Լեռնային Ղարաբաղի տարածք են հանդիսանում:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "«Ադրբեջանը պետք է իմանա, որ Հայաստանի հետ հնարավոր չէ խոսել սպառնալիքների լեզվով». Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը «Կոմերսանտ»-ին"

Leave a comment

Your email address will not be published.


*