ԱԺ ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերից ամենից շատ գույքային և դրամական միջոցներ ունի ՀՀԿ-ն, ամենից քիչ՝ ՀԿԿ-ն

2017թ-ի ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին մասնակցելու համար գրացված 9 կուսակցություններն ու դաշինքները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել հայտարարագրեր: Ըստ հայտարարագրերի՝ առաջադրված կուսակցություններից ամենից շատ գույքային և դրամական միջոցներ ունեցող կուսակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է: Կուսակցության դրամական միջոցները կազմում են 53 830 484 դրամ, եկամուտները միայն անդամավճարներից՝ 343 237 250 դրամ։ Ամենահամեստ միջոցներն ունի Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը՝ 46 000 դրամ: Ըստ հայտարարագրի՝ բավական մեծ գույքային միջոցներ ունի ՀՅԴ-ն: Մյուս կուսակցությունների դրամական միջոցները տատանվում են 1 մլն դրամի սահմանում, այդ թվում՝ նաև ԲՀԿ-ինը:

Ընտրություններին թիվ 1 համարի տակ հանդես եկող «Ելքի» կազմում մասնակցող «Հանրապետություն» կուսակցության գույքի և եկամուտի մասին հայտարարագրում անշարժ գույքի մասին ոչինչ լրացված չէ, դրամական միջոցներում նշված է 200 000 դրամ, իսկ որպես եկամտի տեսակ նշված է նվիրատվություն՝ 1 100 000-ի չափով:

«Ելքի» կազմում մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նշում է, որ սեփական տարածք չունեն և տնօրինում են վարձակալությամբ: Դրամական միջոցները կազմում են 100 000 դրամ, իսկ եկամուտ ստանում են անդամավճարներից և նվիրատվությունից, որը կազմում է 9 548 500 դրամ:

«Ելքի» դաշինքի անդամ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացված հայտարարագրով կուսակցությունն անհատույց օգտագործման տարածքներ ունի Արարատում, Կարինում, Ջրառատում, Մարտունիում, Չարենցավանում, Գողթանիկում, վարձակալությամբ՝ Երևանում: Կուսակցության դրամական միջոցների չափը կազմում է 1 164 936 դրամ: Եկամուտը ստանում են անդամակցության վճարներից՝ 4 660 049 դրամ և նվիրատվություններից, որից ստացված գումարը կազմել է 7000 դոլար:

2-րդ համարով հանդես եկող «Ազատ դեմոկրատներն» ըստ ներկայացված հայտարարագրի Երևանում ունեն անհատույց օգտագործման անշարժ գույք, իսկ եկամտի չափը նշել են 10 000 000 դրամ:

3-րդ համարով հանդես եկող «Հայկական վերածնունդ» կուսակցությունը գույքի հայտարարագրումը բավական մանրամասն է ներկայացրել, թե քանի սեղան, աթոռ, համակարգիչ ունեն, բայց չի նշել, թե որտեղ ինչ տարածք են տնօրինում՝ լինի սեփական, թե վարձակալությամբ: ՀՎԿ-ն միայն նշել է, որ կուսակցության դրամական միջոցները 1 մլն դրամ է:

4-րդ համարով հանդես եկող «Ծառուկյան» դաշինքի մաս կազմող ինչպես «Ալյանս» կուսակցությունը, այնպես էլ «Առաքելություն» կուսակցությունը գույքի, դրամական միջոցների մասին որևէ տեղեկություն չի լրացրել: «Ծառուկյան» դաշինքի անդամ «Բարգավաճ Հայաստանը» ևս չի նշել, թե ինչ անշարժ գույքի ունի, ինչ թանկարժեք իր, բաժնեմաս ու փայամաս, միայն դրամական միջոցներն է նշել, որը կազմում է 1 982 800 դրամ։ Եկամուտ, ըստ հայտարարագրի, ստանում են ՀՀ ֆինանսների նախարարությունից որպես աջակցություն քաղաքական կուսակցությանը ՝ 2 322 740 ՀՀ դրամ:

Թիվ 5-րդը «Հայ ազգային կոնգրես» դաշինքն է, որի մաս կազմող ՀԱԿ-ը, ըստ ներկայացրած հայտարարագրի, Երևանի Սարյան փողոցում 297.4 քմ տարածքը տնօրինում է միանձնյա սեփականության իրավունքով: ՀԱԿ-ի դրամական միջոցները կազմում են 551 000 դրամ, եկամուտները ստանում են անդամավճարներից՝ 5 609 700 ՀՀ դրամ, ՀՀ ֆինանսների նախարարությունից՝ 720 575 ՀՀ դրամ։ Կուսակցությունը «Անտարես» հրատարակչությունից փոխառություն է վերցրել 1 մլն ՀՀ դրամ:

Դաշինքի մաս կազմող ՀԺԿ-ն միանձնյա սեփականատեր է Երևանի Օրբելի փողոցի 82 քմ տարածքի, դրամական միջոցները ՀԺԿ-ն չի նշել , բայց նշել է եկամուտները, ըստ որի՝ Ֆինանսների նախարարությունից ստացել են 682 600 դրամ, իսկ նվիրատվությունից և անդամավճարներից՝ 1 294 000 դրամ:

Ըստ հայտարարագրի՝ բոլորից հարուստ կուսակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է, որն ընտրություններին մասնակցում է 6-րդ համարի ներքո: Կուսակցությունը մանրամասն ներկայացրել է, թե ինչ գույք է տնօրինում ՀՀ մարզերում և Երևանում, որից առանձնացրել ենք միայն Երևանի Մելիք Ադամյան փողոցում ունեցած անշարժ գույքը՝ միանձնյա սեփականություն հանդիսացող 1154,91 քմ տարածքը, նույն փողոցում 1792.43 քմ ավտոկայանատեղին: Կուսակցությունը Մելիք Ադամյան 2/3 հասցեում ունի նաև մեկ այլ՝ 106.03 քմ ավտոկայանատեղի, նաև` 0,011437 հա հող։

Ըստ հայտարարագրի՝ ՀՀԿ-ի դրամական միջոցները կազմում են 53 830 484 դրամ, եկամուտները անդամավճարներից կազմում են 343 237 250 դրամ, վարձակալության վճարներից՝ 1 960 000, ՀՀ բյուջեից՝ 33 943 400, այլ եկամուտները՝ 226 693 դրամ:

7-րդ համարը ներկայացնող Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն ըստ հայտարարագրի ընտրություններին մասնակցող բոլորից քիչ գույք, դրամական միջոց ու եկամուտ ստացող քաղաքական ուժն է: Կուսակցությունը հայտարարագրել է «Գազ 3110» մակնիշի երկու մեքենա, դրամական միջոցները կազմում են 46 000 դրամ, իսկ եկամուտները նշված չեն:

8-րդ համար ՕՐՕ դաշինքից «Ժառանգությունը» հայտարարագրել է միայն եկամուտները՝ 4 444 400 դրամ՝ փոխանցված Ֆինանսների նախարարության կողմից։

Դաշինքի անդամ «Համախմբում» կուսակցությունը ևս նշել է իր հայտարարագրում միայն եկամուտները, որոնք նվիրատվությունից են և կազմում են 21 580 200 դրամ:

Վերջին՝ 9-րդ համարով հանդես եկող «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը գույքի և եկամուտների հայտարարագրում ևս մանրամասն նշել է իր տնօրինած անշարժ գույքը Հայաստանի մարզերում և Երևանում: Մասնավորապես՝ Երևանում նշել է 80,63 քմ միանձնյա սեփականություն Երևանի Անդրանիկի փողոցում, 1,225.8 քմ վարչական շենք և 0.0624 հա հողամաս Երևանի «Կենտրոն» համայնքի Հանրապետություն փողոցում, 83 քմ տարածք՝ Թումանյան փողոցում, 297.2 քմ տարածք՝ Նոր Նորքում, 102 քմ տարածք՝ Շենգավիթում: ՀՅԴ-ն միանձնյա սեփականության գույք և հողամասեր ունի գրեթե բոլոր մարզերում:

ՀՅԴ-ի դրամական միջոցներն ըստ հայտարարագրի կազմում են 742.802 դրամ, եկամուտները կուսակցության անդամվճարներից են՝ 43.200.000 դրամ, ՀՀ բյուջեից՝ 4.370.400 դրամ, բանկից՝ 736 000 դրամ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ԱԺ ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերից ամենից շատ գույքային և դրամական միջոցներ ունի ՀՀԿ-ն, ամենից քիչ՝ ՀԿԿ-ն"

Leave a comment

Your email address will not be published.


*