ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը։ Վերջինիս կողմ քվերակեց 89 պատգամավոր։ «Լուսավոր Հայաստանը» և «Բարգավաճ Հայաստանը» բոյկոտել են Ազգային ժողովի արտահերթ նիստը։ Խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ հարցի երկրորդ ընթերցումը տեղի կունենա գրավոր առաջարկությունների ներկայացումից հետո՝ երեք ժամ, որից հետո պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովը կտա իր եզարկացությունը։ Մասնավորապես փոփոխություններով առաջարկվում է վերաշարադրել Սահմանադրական դատարանի անդամների (դատավորների) և նախագահի պաշտոնավարմանը վերաբերող հոդվածը։ Նշենք, որ օրենքի նախագծով՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված և պաշտոնավարումը դադարում է: Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամը, ում պաշտոնավարումը չի դադարում սույն հոդվածի 1-ին մասի ուժով, շարունակում է պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր մինչև այդ պաշտոնում նրա պաշտոնավարման 12 տարին լրանալը` հաշվի առնելով նաև մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը որպես Սահմանադրական դատարանի անդամ պաշտոնավարած ժամկետը: Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած` Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են թափուր տեղն առաջանալուց հետո` մեկամսյա ժամկետում: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, որն իրականացվում է Սահմանադրական դատարանի դատավորների` սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո: Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը"

Leave a comment

Your email address will not be published.


*