ԱԺ-ն մերժեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի վերաբերյալ ԼՀԿ-ի հարցապնդումը (տեսանյութ)

ԱԺ-ում քվեարկության է դրված «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացրած՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի վերաբերյալ հարցապնդումը։ Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովի նիստում քննարկվել էր ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ՀՀ կառավարությանն ուղղված հարցապնդման պատասխանը, որը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Այն պահին, երբ քաղաքական թիմն արձանագրի, որ սխալ ուղղությամբ ենք գնում, մեկ րոպե ավել չեմ զբաղեցնի այս պաշտոնը»,-Կառավարության պատասխանը ներկայացնելիս ասել էր ԿԳՄՍ նախարարը։

 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացնելով՝ Էդմոն Մարուքյանը նշել էր, որ տապալված են բարեփոխումները, համակարգը ճահճացած է, նախարարն իրական փոփոխություններ իրականացնելու կամք չի դրսեւորել:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը բարձրաձայնել է Նաիրա Զոհրաբյանը: Նա համոզմունք է հայտնել, որ դպրոցներում վախի մթնոլորտ կա, նախարարը տապալել է իրեն վստահված բոլոր ոլորտները: Նշվել է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը միանում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած հրաժարականի պահանջին:

 Նշենք, որ այսօրվա նիստում ներառված են նաև այլ հարցեր։ Օրակարգում են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2019 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին, «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2013 թվականի ապրիլի 19-ին կնքված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը կիրարկող արձանագրությունը վավերացնելու մասին, «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (վերանայված) վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2020 թվականի փետրվարի 7-ին ստորագրված «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին, «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցեր և այլ հարցեր։՛

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ԱԺ-ն մերժեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի վերաբերյալ ԼՀԿ-ի հարցապնդումը (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*