ԱԺ-ում առաջարկվեց մասնավորեցնել «Ավտոմատիկա» ՓԲԸ-ն, քանի որ ձեռնարկության պահպանումը նպատակահարմար չէ

Այսօր Ազգային ժողովում Կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը ներկայացրեց պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է պետական մասնաբաժին ունեցող ընկերությունների ցանկում ներառել «Ավտոմատիկա» փակ բաժնետիրական ընկերությունը. խոսքը վերաբերում է 80 տոկոս պետական բաժնեմասին:

Նա նշեց, որ ընկերությունը մինչև 2015 թվականը եղել է Պաշտպանության նախարարության կազմում:

«Սակայն ընկերությունը չի համապատասխանել ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների և զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների դրույթների պահանջներին, և հետագայում նպատակահարմար չէ այն ընդգրկել ՀՕՊ տեխնիկայի նորոգման և արդիականացման աշխատանքների կատարման գործընթացներում։ ՀՀ ՊՆ-ի կողմից առաջարկվել է 80 տոկոս պետական բաժնետոմսերը հանձնել կառավարման Պետական գույքի կառավարման վարչությանը։ Բացի այդ, մասնավորեցման առաջարկություն է եղել»,-ասաց նա և նշեց, որ այս հարցը հասունացել է, քանի որ տվյալ ձեռնարկության պահպանումը նպատակահարմար չէ:

«Մասնավորեցման ծրագրում ընդգրկման նպատակն է, որպեսզի ընկերության գործունեության ցուցանիշները բարելավեն, ինչպես նաև բարելավվեն պետական, տեղական բյուջեների մուտքերը»,-հավելեց նա։

«Հանրապետական» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք սեփականշնորհման նպատակն է նպաստել մասնավոր ներդրումների ճանապարհով ընկերության ռազմարդյունաբերական համալիրում գործելու կարողությունների զարգացմանը, այդ թվում՝ շենքային պայմանները բարելավելու տեսանկյունից:

Աշոտ Մարկոսյանը հաստատեց, որ ընկերության ֆինանսատնտեսական վիճակը, տեխնիկական, շենքային պայմանները ներկայումս չեն բավարարում պետության կողմից համապատասխան ծառայությունները իրականացնելու համար:

«Այդ տեսանկյունից սա շանս է, որ մենք ներգրավենք ներդրումներ, այդ թվում՝ օտարերկրյա, ինչը կլավացնի թե՛ տեխնոլոգիական, թե՛ կազմակերպչական հնարավորությունները, պետական պատվերի միջոցով այդ աշխատանքներն ավելի որակյալ և ժամանակակից պահանջներին համապատասխան կիրականացվեն»,-ասաց նա:

Ի դեպ նշենք, որ մինչ հարցի զեկուցումը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ ԱԺ դահլիճում ընդդիմության ներկայացուցիչները ներկա չեն:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ԱԺ-ում առաջարկվեց մասնավորեցնել «Ավտոմատիկա» ՓԲԸ-ն, քանի որ ձեռնարկության պահպանումը նպատակահարմար չէ"

Leave a comment

Your email address will not be published.


*