Ալիևների բիզնեսները բացահայտած լրագրող Խադիջա Իսմայիլովան համաներմամբ ազատվել է տուգանք վճարելու պարտավորությունից

Ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովան համաներմամբ ազատվել է նախկին ընդդիմադիր Էլման Հասանովին 2500 մանաթ (1640 դոլար) վճարելուց:

Հիշեցնենք, որ Էլման Հասանովն իրավապահ մարմինների խորհրդով հայց էր ներկայացրել լրագրողի դեմ՝ պնդելով, որ Իսմայիլովան իրեն զրպարտել է: Դա արտահայտվել էր հրապարակումներից մեկում, որում նա Ազգային անվտանգության նախարարության գործակալ էր համարվել: Սակայն լրագրողի հրապարակման մեջ Հասանովի անունը չի նշվում:

Փաստաթուղթն ի հայտ էր եկել երկու տարի առաջ՝ սոցցանցում, և հրապարակվել էր ԱԱՆ-ի նախկին սպա, ներկայում Ադրբեջանից արտագաղթած Ռամին Նիգաևի կողմից:

Չնայած դրան՝ 2015 թվականի փետրվարի 23-ին ադրբեջանական դատարանը լրագրողին հարկադրել էր տուգանք վճարել: Այդ ժամանակ Իսմայիլովան այլ մեղադրանքով կալանավորված էր:

Հունիսի 21-ին Իսմայիլովային հանձնել են նրան ներում շնորհելու մասին փաստաթուղթը. այդ մասին նա գրառում է կատարել Facebook-ի իր էջում:

Ամեն դեպքում Խադիջան մտադիր է հասնել արդարացման, և բողոքը քննվելու է հունիսի 28-ին՝ Գերագույն դատարանում:

Հիշեցնենք, որ Խադիջա Իսմայիլովան համարվում է Ադրբեջանի ամենահայտնի քաղբանտարկյալներից մեկը: Բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ և բարձրաստիճան պաշտոնյաներ բազմիցս կոչ են արել ազատ արձակել Խադիջային, որն Ալիևի ընտանիքի գաղտնի բիզնեսների մասին բազմաթիվ փաստեր էր բացահայտել:

Չնայած այժմ հետաքննող լրագրողը պայմանական ազատության մեջ է, սակայն նա դեռևս չի կարող դուրս գալ երկրից:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ալիևների բիզնեսները բացահայտած լրագրող Խադիջա Իսմայիլովան համաներմամբ ազատվել է տուգանք վճարելու պարտավորությունից"

Leave a comment

Your email address will not be published.


*