Ամեն ինչ արվեց «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունը կոծկելու համար. Ստեփան Դեմիրճյան

Ամեն ինչ արվեց «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունը կոծկելու համար: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ-ի այգում «Հոկտեմբերի 27-ի» ողբերգության 17-րդ տարելիցի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը:

«Այո, կարող ենք արձանագրել, որ ցանկություն չի եղել բացահայտելու: Դա առաջին հերթին վերաբերում է այն իշխանություններին, որոնց ժամանակ տեղի ունեցավ ոճրագործությունը»,-ասաց նա։

Նա կարծիք հայտնեց, որ եթե չլիներ «Հոկտեմբերի 27-ը», մենք միանգամայն ուրիշ երկրում կապրեինք. «Հոկտեմբերի 27-ի բացասական հետևանքներն առ այսօր իրենց զգացնել են տալիս և հաղթահարված չեն»:

Ստեփան Դեմիրճյանը չի բացառում, որ դրսի ուժերը ներգրավված են եղել ոճրագործության իրագործման մեջ. «Բայց ամեն դեպքում այդ ոճրագործությունը կատարվել է ներսի ստահակների միջոցով»:

Հիշեցնենք, որ 17 տարի առաջ` հոկտեմբերի 27-ին, ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեցին Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ եւ դիմահար կրակոցներով սպանեցին կառավարության եւ խորհրդարանի անդամներին:

Ահաբեկչության զոհ դարձան երկրի վարչապետ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:

Ահաբեկիչների նկատմամբ դատավարությունը տեւեց 2001-2003 թվականները: 6 ահաբեկիչները, այդ թվում` նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա քեռին՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը եւ Աշոտ Կնյազյանը  դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:

3 տարի տեւած դատավարությունն այդպես էլ չկարողացավ կամ չցանկացավ վեր հանել ահաբեկչության կազմակերպիչներին եւ մինչ օրս էլ հասարակությունը լուրջ կասկածներ ունի կազմակերպիչների մասով:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ամեն ինչ արվեց «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունը կոծկելու համար. Ստեփան Դեմիրճյան"

Leave a comment

Your email address will not be published.


*