Այստեղ կա համայնքի բնակչին նվաստացնելու էլեմենտ. Նաիրա Զոհրաբյան

Այս համայնքների խոշորացման ռեֆորմը, հիշում եք, թե նախորդ խորհրդարանում ինչ արմագեդոններով կարողացավ «Հանրապետական» խմբակցությունը անցկացնել, և որևէ հաջողված պատմություն համայնքների խոշորացման այդպես էլ չներկայացվեց: Այս մասին Ազգային ժողովում «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Հիմա էլ նույնն է. մենք լինում ենք խոշորացված համայնքներում, նույն դժգոհությունը, նույն խնդիրները՝ ենթակառուցվածքներ չկան, ճանապարհներ չկան, որևէ դեպք է լինում առողջության հետ կապված շտապօգնության մեքենան չի կարողանում այդ խոշորացված համայնքի մի մասից հասնել, այսպես ասած, կենտրոն, որտեղ տեղակայված են հիվանդանոցները: Այս տարիների ընթացքում խոշորացումներից հետո մեկ հաջողված պատմություն այդպես էլ չկարողացաք ներկայացնել, որ մենք ասենք՝ այո, համայնքների խոշորացումը տվել է իր արդյունավետությունը»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ միգուցե կան դեպքեր. «Ոչ թե պետք է դնել էսպես կանվերային սիստեմներով և ասել՝ մենք գնում ենք տոտալ, բացարձակ համայնքների խոշորացման, այլ պետք է հաշվի առնել համայնքների տեղանքի սպեցիֆիկան, մշակութային տարբեր կապերը, լոգիկան և տրամաբանությունը»,- ասաց նա:

Անդրադառնալով տեղական հանրաքվեներին՝ նա ասաց, որ դրանք չունեն իրավական ուժ: Նա հիշեցրեց Սյունիքի մարզի օրինակը: «Այդ մարզում, երբ բդեշխության կարգեր էին տիրում, ժողովուրդը գնաց 80 տոկոսով քվեարկեց դեմ խոշորացմանը, բայց թքեցին ժողովրդի կարծիքի վրա, համայնքների խոշորացումը տեղի ունեցավ: Այստեղ այդտեղ ապրող ժողովրդին նվաստացնելու էլեմենտ կա:

Ասում ենք՝ կարծիքը ասա, ինչ ես ուզում, հետո ասում են, ոչինչ, քո կարծիքը կարևոր չի, էսպես է այս հարցը լուծվելու: Այստեղ ուղղակի չկա տրամաբանություն, և ընդհանարապես այդ հանրաքվեները պետք է արգելվեն, որովհետև դա հակասում է ընտրական ինստիտուտին, եթե անում եմ ընտրություն, հայտնում եմ կարծիք, ապա այն պետք է ունենա իրավական ուժ»,- եզրափակեց պատգամավորը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Այստեղ կա համայնքի բնակչին նվաստացնելու էլեմենտ. Նաիրա Զոհրաբյան"

Leave a comment

Your email address will not be published.


*