Այսօր սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն է

Այսօր, ըստ Հայ առաքելական սուրբ եկեղեցու ավանդության, նշվում է երիտասարդների հովանավոր և սիրո բարեխոս սուրբ Սարգիս զորավարի տոնը: Ս.Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:

Ավանդությունն ասում է, որ արիության համար Սարգիսը Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից իշխան և սպարապետ էր կարգվել Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև՝ հիանալի քարոզիչ: Նա եկեղեցիներ է կառուցել, քարոզչությամբ տարածել քրիստոնեությունը:

Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք /360-363/ սկսվել են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, նա հեռացել է կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ եկել քրիստոնյա Հայաստան, ուր թագավորում էր Տիրան արքանՄեծն Տրդատի թոռը Խոսրովի որդին: Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորել է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունել է քաջությամբ հայտնի Սարգիս զորավարին և նշանակել նրան զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու նվիրումն Աստծուն, հրաժարվել են հեթանոսությունից, դարձել քրիստոնյա:

Շապուհ արքան Սարգսից սպառնալիքներով պահանջել է պաշտել կրակը և զոհ մատուցել դրան: Զորավարն անմիջապես մերժել էասելով. «Երկրպագելի է մեկ Աստված Ամենասուրբ Երրորդությունը, ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»: Այդ խոսքերից հետո սուրբ Սարգիսը կործանել է բագինը: Զայրացած ամբոխը հարձակվել է Ս.Սարգսի և նրա որդու վրա: Աներեր մնալով իրենց հավատքի մեջ` նահատակվել են Մարտիրոսը, Ս.Սարգիսը, ևս տասնչորս զինվորներ:

Սուրբ Սարգիսը հայերի ամենասիրելի սրբերից է, և պատահական չէ, որ սուրբ Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերել է Կարբի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:

Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ՝ Ս.Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Ս.Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Երիտասարդներն աղոթում են Սրբին, որ օգնի իրականացնել իրենց սիրո երազանքը: Նրա մասին բազմաթիվ նոր ու հին ավանդապատումներ կան, այդ թվում և՝ «Սասնա ծռեր» էպոսում կա Սասունցի Դավթի հանդիպումը Սուրբ Սարգսին.

Դավիթ էդ տեղեն ետ դարձավ ու գնաց, կայնավ Խանդութ խանումի փանջարի առեչ, ըսեց.
-Խանդութ խանում, ես կերթամ կռիվ:
Քշեց, գնաց, շատ, քիչ` Աստված գինա, մեկ էլ տեսավ յառջևանց թոզ ու դուման կիգա:
Էկավ, տեսավ օր Սըփ Սարգիսն է:
Դավիթ գնաց, օր Սըփ Սարգսին համբուրեր: Սըփ Սարգիս ըսեց.
-Հանե քո Սըփ Նշան , ես համբուրեմ, նոր դու ընձի համբուրե:
Հանեց Սըփ Նշան, համբուրեց Սըփ Սարգիս, էն լէ Սըփ Սարգսին համբուրեց:
-Դե գնա,- ըսեց,- Աստված խըտ քըզի էղնի: Ու քշեց ձին:
Քեռի Թորոսիկ մնաց աղոթք էնելու:

Տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով: Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, ու ջուր չեն խմում՝ հուսալով, որ իրենց փեսացուն կամ հարսնացուն երազում պիտի հագեցնեն իրենց ծարավը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս.Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս.Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում:

Այսօր Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս.Պատարագ, որից հետո կատարվում երիտասարդների օրհնության կարգ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Այսօր սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն է"

Leave a comment

Your email address will not be published.


*