Ապրիլյան պատերազմից հետո հատուկ հաշվեհամարին փոխանցվել է 5,5 մլրդ դրամ, ծախսվել է ավելի շատ

Արցախի Հանրապետության կառավարությունը հրապարակել է հատուկ հաշվեհամարի մուտքերի եւ ելքերի (ծախսերի) վերաբերյալ ընդհանրական հաշվետվությունը՝ 2017թ. հունվարի 1-ի դրությամբ:

2016թ. ապրիլի 4-ից մինչեւ 2017թ. հունվարի 1-ը 7,903 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից կառավարության հատուկ հաշվեհամարին է փոխանցվել, ընդհանուր առմամբ, 5,484,130,100 ՀՀ դրամ: Ըստ արժույթի՝ փոխանցումները բաշխվել են հետեւյալ կերպ՝ 2,519,339,800 ՀՀ դրամ, 5,032,601 ԱՄՆ դոլար, 180,428 եվրո եւ 62,631,827 ՌԴ ռուբլի:

Սույն թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ հավաքագրված գումարներից եւ կառավարության արտաբյուջետային հաշվից տարբեր նշանակության ծախսեր են կատարվել՝ ընդհանուր առմամբ, 6,003,654,100 դրամի չափով, որոնք արտահայտված են հետեւյալ ընդհանրական տողերում՝

• Փոխանցում ԼՂՀ պաշտպանության նախարարությանը՝ 1,359,862,200 ՀՀ դրամ: Այդ միջոցները տնօրինել է պաշտպանության նախարարությունը՝ ըստ իր կարիքների եւ առաջնահերթությունների:

• Ռազմական նշանակության տեխնիկայի եւ սարքավորումների ձեռքբերում՝ 1,458,724,500 ՀՀ դրամ: Առաջնագծի ողջ երկայնքով տեղադրված այդպիսի սարքավորումները բարձրացրել են դիրքերի պաշտպանունակության մակարդակը, ինչպես նաեւ՝ հակառակորդի տեղաշարժի վերահսկման հնարավորությունները՝ թե՛ մերձակա եւ թե՛ հեռու տարածությունների վրա, թե՛ ցերեկային եւ թե՛ գիշերային պայմաններում:

• Ինժեներական աշխատանքների կատարում՝ 1,144,556,400 ՀՀ դրամ: Այս աշխատանքները ներառել են եւ՛ առաջնագծի, եւ՛ թիկունքային ինժեներական ամրությունների կառուցում եւ բարեկարգում:

• ՊԲ կարիքների համար ենթակառուցվածքների, տրանսպորտի ու կապի ծառայությունների եւ կապիտալ ծախսերի իրականացում՝ 1,012,035,600 ՀՀ դրամ: Այս ծախսերի միջոցով բարելավվել են առաջնագծին սպասարկող ենթակառուցվածքները, եւ արդիականացվել են կապի միջոցները:

• Զորակոչված քաղաքացիներին եւ կամավորականներին դրամական աջակցության տրամադրում՝ 1,028,476,400 ՀՀ դրամ: Ֆինանսական աջակցություն է տրվել ԼՂՀ գրանցում ունեցող այն կամավորներին, ովքեր կա՛մ գործազուրկ/ինքնազբաղված էին եւ որոշակի եկամուտ են կորցրել կամավորության ընթացքում, կա՛մ հաստատագրված գումարի չափից ավելի ցածր աշխատավարձ էին ստանում:

Նշենք, որ, ընդհանուր առմամբ, հատուկ հաշվեհամարում հավաքագրված միջոցներից շուրջ 520 մլն դրամ ավելի գումար է ծախսվել, որն ուղղվել է կառավարության արտաբյուջետային հաշվից:

Բացի կառավարության հատուկ հաշվեհամարում հավաքագրված գումարներով կատարված աշխատանքներից, տարբեր ֆիզիկական եւ իրավաբանական անձինք եւս առանձին աջակցություն են ցուցաբերել հատկապես տեխնիկական միջոցների, մեքենաների եւ անհրաժեշտ այլ պարագաների տրամադրման տեսքով: Իսկ ինժեներական աշխատանքների զգալի մասը կատարել են շինարարական մասնավոր ընկերությունները՝ կառավարության կողմից իրենց ծախսերի մասնակի փոխհատուցմամբ:

Տեղեկացնենք, որ կառավարությունն ավելի մանրամասն հաշվետվություններ ներկայացրել է Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության մշտական հանձնաժողովին եւ խմբակցությունների ղեկավարներին, որոնք ներառում են նաեւ հանգանակված գումարների ծախսման վերաբերյալ գաղտնի տեղեկություններ:

Կառավարությունը շնորհակալություն է հայտնում բոլոր այն անձանց, ովքեր իրենց նվիրատվություններով հնարավոր են դարձրել ներկայացված աշխատանքների իրականացումը: Մենք մեծապես կարեւորում ենք մեր գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը՝ պատրաստ լինելով հնարավորության սահմաններում ներկայացնել հանրությանը հատուկ հաշվեհամարի միջոցների ծախսման մանրամասները:

Հիշեցնենք, որ հանգանակությունը բաց է, եւ բոլոր ցանկացողները կարող են դրամական փոխանցումներ կատարել հետեւյալ բանկային հաշիվներին՝

Սպասարկող բանկ՝ «Արցախբանկ» ՓԲԸ

Հասցե՝ Կիեւյան փողոց 3, Երեւան, Հայաստան

SWIFT` ARTSAM22

Ստացող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն

Հաշվեհամարները՝

ՀՀ դրամ՝ 22300612211100,

ԱՄՆ դոլար՝ 22300110153200,

Եվրո՝ 22300200153300,

ՌԴ ռուբլի՝ 22300400153100:

Առցանց փոխանցումների (վիզա, մասթեր եւ արքա քարտերով) համար անցնել հետեւյալ հղմամբ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ապրիլյան պատերազմից հետո հատուկ հաշվեհամարին փոխանցվել է 5,5 մլրդ դրամ, ծախսվել է ավելի շատ"

Leave a comment

Your email address will not be published.


*