Առանց դիմակի դիմակահանդեսում (նովել, մաս 8)

-Նա ինձ երբեք չի պատմել այդ ամենի մասին: Պարոն Բենյան, Անգելը իմ ամենահավատարիմ ու մտերիմ ընկերն է, մենք նրա հետ կապված ենք անտեսանելի, բայց միաժամանակ անբեկանելի մի շղթայով, որ ընկերություն է կոչվում, իսկական ընկերություն: Մենք անգիր գիտենք միմյանց բոլոր գաղտնիքները, գիտենք միմյանց մտքերն ու ժեստերը, առավելություններն ու թերությունները, վախերն ու երազանքները: Բայց ես անակնալի եկա ձեր պատմածից, ես իսկապես անտեղյակ էի այդ ամենից: Նրան ճանաչելով՝ կարող եմ վստահեցնել, որ այդ օրերի հետ կապված ինչ-որ բան կա, որը շատ ցավոտ է Անգելինայի համար, այդ իսկ պատճառով էլ նա չի կարողացել նույնիսկ ինձ հետ կիսվել: -Գուցե, Մարգարի՛տ, չի բացառվում: Նրա անհետանալուց օրեր անց ես նամակ ստացա: Ահա այն, խնդրում եմ, բաձրաձայն կարդացեք նամակը: «Սիրելի պարո՛ն Բենյան, Ներեցե՛ք ինձ անվայել պահվածքիս համար: Գիտեմ, որ այնքան անսպասելի չպետք է անհետանայի, բայց հույս ունեմ, որ Դուք և իմ սիրելի փոքրիկները կներեք ինձ: Հավատացեք՝ ես այլընտրանք չունեի, ես աստիճանաբար մահանում էի ցավից, այդ ցավը ներսումս ահագնանում էր մանկատանը եղած ամեն մի րոպե: Այդ պատերը ինձ համար դարձել էին վշտի բանտախուց, խուց, որտեղ բանտարկված են այդ խեղճ փոքրիկները: Ես կյանքումս շատ խոչընդոտների եմ հանդիպել ու հաղթահարել, շատ տառապանք եմ համտեսել, բայց երբեք չեմ կարող նկարագրել տառապանքիս չափը՝ այդ երեխաների աչքերի խորության մեջ նայելիս: Թախիծը, որ տեսնում էի այդ աչքերում, բնորոշ է միմիայն նրանց՝ խեղճ ու անմեղ այդ արարածներին: Նրանք այնքան անաղարտ են, այնքան անմեղ, նրանք անտեղյակ են իրական կյանքին, նրանք չգիտեն, որ երբ դուրս գան իրենց բանտախցից, ստիպված են լինելու դիմակներ հագնել, իսկ չհանելու դեպքում հավերժ տառապանքների ու պայքարների մեջ կլինեն: Բայց ինչն ամենաշատն է խոցում հոգիս, այն է, որ թեև նրանք ծանոթ չեն անգութ կյանքին, բայց արդեն տառապանքի համը գիտեն, նրանք երազում են պարզագույն բաների մասին, նրանք երազում են այն ամենի մասին, ինչը մենք ունենք, բայց շատ հաճախ չենք նկատում ու գնահատում… Պարո՛ն Բենյան, մտքերս այնքան խճճված են, զգացմունքերս են թելադրում այս նամակը: Խնդրում եմ, հասկացե՛ք ինձ, ես ի զորու չեմ տեսնել այդ անմեղ երեխաների տառապող հոգիներն ու տխրածոր աչքերը, էլ ի զորու չեմ մանկատուն մտնելուց առաջ դիմակ հագնել դեմքիս: Որքան էլ բարդ ու թվացյալ անելնելի վիճակում եմ հայտնվել, երբեք չեմ կորցրել հավատս առ Աստված, երբեք անգամ չեմ էլ կասկածել նրա գոյության մասին: Բայց նրանք… այդ փոքրիկները ներսումս ամեն բան խառնեցին իրար, նրանք սիրտս լցրեցին կասկածներով, նույնիսկ առ Աստված կասկածներով: Ամեն անգամ նրանց աչքերին նայելիս ես սկսում էի վիճել Աստծու հետ մտքումս, մեղադրում էի Աստծուն նրանց ստեղծելու ու մենակ թողնելու համար: Այս հոգեվիճակն ինձ աստիճանաբար խելագարության էր տանում, հավատացեք ինձ: Այն քարուքանդ էր անում հոգիս, գլխիցս փչելով մաքրում տանում մարդկային արժեքների մասին պատկերացումներս: Այս հոգեվիճակը արագ տեմպերով գետնին էր հավասարեցնում այն հիմնասյուները, որոնց վրա հիմնված է էությունս՝ հավատի, սիրո, պարզ, մարդկային սիրո, ուժի ու ազնվության հիմնասյուները: Ես արդեն մարսել եմ պապիկիս պատգամը և ըստ այդմ անկարող եմ ապրել դիմակով այս դիմակահանդեսում: Ուստի ավելի ճիշտ եմ համարում այլևս չերևալ այնտեղ, անհետանալ նրանց կյանքից: Ավելի լավ է՝ նրանց մտքերում անմահանամ որպես հաճելի ու պայծառ մի հուշ, քան դեմքի մռայլ արտահայտությամբ ստիպեմ նրանց ավելի տանջվել… Խնդրում եմ, ասացեք նրանց, որ ես ստիպված էի շուտափույթ լքել երկիրը գործերիս բերումով, դրա համար էլ չկարողացա այցելել նրանց ու հրաժեշտ տալ: Ասացեք նրանց, որ իրենց օրիորդ Անգելինան միշտ կաղոթի նրանց համար, միշտ, իմ անունից խնդրեք նրանց, որ երբեք չմոռանան խրատներս ու խորհուրդներս: Ասացեք, որ այս մեծ աշխարհում նրանք ունեն մեկին, ով սրտանց սիրում է իրենց բոլորին անխտիր՝մեկ առ մեկ, և միշտ հիշելու է իրենց: Նաև ասացեք իմ անուշիկ փոքրիկ անվանակցին, որ նա հաստատ ապրելու է երկար ու երջանիկ: Ասացե՛ք նրան, որ իր օրիորդ Անգելինան է դա խոստանում: Նա ինձ այնքա՜ն էր հավատում, պարո՛ն Բենյան, որ ես երբեք չեմ կարող փշրել նրա հավատը, եթե նույնիսկ դա ողջ կյանքս արժենա: Ես չեկա վերջին հանդիպման, որովհետև վստահ էի, որ երեխաներն ու Դուք կփորձեիք համոզել ինձ, ես էլ հաստատ չէի կարողանա դիմադրել: Բայց հավատացեք ինձ, այնտեղ մնալն ինձ աստիճանաբար կտաներ դեպի մահվան ճիրանները: Այս կյանքում ես դեռ որոշ կարևոր անելիքներ ունեմ, այդ իսկ պատճառով էլ պարտավոր եմ ապրել, պարտավոր եմ խնայել ուժերս, պարտավոր եմ ամուր պահել այն չորս հիմնասյուներս, որպեսզի կարողանամ ամուր ու հաստատուն քայլեր դնել: Գուցե կոպիտ հնչեն ասածներս, գիտեմ, սակայն երբ երդումս իրականության կոչեմ, ես այդ երեխաներին շատ ավելի մեծ օգնություն ցուցաբերած կլինեմ, քան հիմա: Պարո՛ն Բենյան, խնդրում եմ, երբեք չդադարեք հոգալ նրանց մասին, ընդունեք դա որպես Ձեր կյանքի սուրբ առաքելություն: Հուսով եմ՝ մի օր Դուք կլսեք իմ անունն ու ինձանով կհպարտանաք այնպես, ինչպես կհպարտանայիք Ձեր սեփական երեխայով… Սիրով Ձեր Անգելինա Դերյան»:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Առանց դիմակի դիմակահանդեսում (նովել, մաս 8)"

Leave a comment

Your email address will not be published.


*