Առանց դիմակի դիմակահանդեսում (նովել, մաս 6)

աջորդ առավոտը բավականին ցուրտ էր, հատկապես այն փոքրիկ հողակտորի վրա, որտեղ Դերյանների հյուղակն էր: Պարոն Բենյանը կանգնած էր փոքր հեռավորության վրա տնակից` մի անսովոր տարօրինակ զգացողությամբ պարուրված: Նրա սիրտը բաբախում էր ինչ-որ բանի անհամբեր սպասող երեխայի սրտի նման: Այնպիսի զգացողություն ուներ, ասես Անգելինայի հետ կապված ողջ առեղծվածը կլուսաբանվեր` նրանց տուն մտնելուն պես: <<Որքա~ն տարօրինակ է այս կյանքը,- մտածեց նա,- ես եղել եմ հարյուրավոր շքեղ շինություննեում, հարյուրավոր կարևոր հանդիպումների, բազում հաջողությունների ու ձախողումների խաչմերուկներում, բայց երբեք, երբեք չեմ ունեցել այն զգացողությունը, որով լցված է հոգիս այս պահին` մի աղքատիկ ու մռայլ տնակ մտնելուց առաջ: Գուցե հենց սրանում է կայանում կյանքի հեգնական հանելուկը, և հենց այստեղ է գծված կյանքի ու դիմակահանդեսի սահմանագիծը: Կարծես թե գուշակում եմ, թե ինչու Անգելինան իր ծնողներին առ այսօր չի ապահովել հարմարաետ բնակարանով. նա տարվա բեստսելլերի հեղինակն է և անշուշտ կարող էր անել դա, բայց չի արել… Գուցե նա մտածում է որ շքեղությունն ու հարստությունը դիմակահանդեսի տարրերն են, ամեն ինչ սահմանագծից այն կողմ հասարակ է, մաքուր ու համեստ: Չգիտե~մ… Երևի նա շատ ավելի իրավացի է, քան մենք բոլորս>>, — պարոն Բենյանը ինքնամոռաց մենախոսում էր մտքերում, երբ հանկարծ մի հյութեղ դեղձ ընկավ ուղիղ իր ոտքերի առջև մոտակա ծառից, որը նա չէր էլ նկատել, ծառն ասես հավատարիմ ընկերոջ նման հսկում էր Դերյաների հյուղակը: Նա տխուր հայացքով ժպտաց խեղճ ծառին ` որպես ցավակցության նշան իր կյանք տված պտուղը կորցնելու համար. նա անգիտակցորեն նույնացրեց ծառին նորածին մանկանը կորցնող մոր հետ: Ի վերջո նա քայլեց դեպի տունը: Նրա քայլերը դանդաղ ու անվստահ էին: Նա թակեց փայտե դուռը: -Բարի առավոտ, տիկի՛ն: Սա Անգելինա Դերյանի տու՞նն է: Կինը, ով բացեց դուռը, Անգելինայի մայրն էր՝ Աննան: Նրա տանջալից հայացքը անմիջապես թափանցեց պարոն Բենյանի աչքերի մեջ՝ կարծես փորձելով հասկանալ, թե ով էր կոկիկ կոստյումով այդ խորհրդավոր մարդը: Մի քանի վայրկյան նրա գլխում Անգելինայի մասին հակասական մտքերի տարափ էր: Պարոն Բենյանն ասես կարդաց նրա մտքերն ու շտապեց հանգստացնել տիկնոջը: -Ձեր անունը… Աննա է, այնպես չէ՞: Ճի՞շտ եմ հիշում: -Այո՛… ճիշտ եք հիշում, — պատասխանեց Աննան կտրտված բառերով: -Ես Ձեր դստեր հին ընկերներից եմ: Կարող եք ինձ Գրեգ անվանել՝ Գրեգ Բենյան: Ես եկել եմ պարզապես ծանոթանալու Անգելինայի ընտանիքի հետ, գիտեմ, որ նա պաշտում էր Ձեզ: Երկար ժամանակ է, ինչ տեղեկություն չունեմ նրանից, ուստի որոշեցի այցելել Ձեզ: Աննան անգիտակցորեն խորը արտաշնչեց ու վերջապես կարողացավ ժպտալ: -Ա~հ, Դու՞ք եք, պարո՛ն Բենյան: Անգելինան միշտ խոսում էր Ձեր ու մանկատան խեղճ փոքրիկների մասին ամեն երեկո՝ ընթրիքի սեղանի շուրջ զրուցելիս: Նե՛րս համեցեք, խնդրեմ: Արթու~ր, մենք հյուր ունենք, հիշու՞մ ես պարոն Բենյանին, ում մասին պատմում էր մեր Անգելինան, նա այստեղ է Արթուր, ե՛կ դիմավորիր նրան,- կանչում էր Աննան ուրախությամբ, կարծես այդ մարդու այցը նրա սիրտը լցրել էր հույսով` իր Անգելինայի մասին լավ լուր լսելու հույսով: Շուտով նրանք արդեն նստած էին թեյի սեղանի շուրջ` հին վառարանի առջև, որն այնքան հին էր թվում, որքան հյուղակը: Մի քանի վայրկյան սենյակը բուրում էի մտախոհ լությամբ, միայն վառվող փայտի ձայնն էր լսելի, ասես այդ փոքրիկ ճարճատող փայտի տաշեղները ևս անհամբեր էին մահից առաջ որևէ լուր իմանալ Անգելինայի մասին: Վերջապես Արթուրը խախտեց լռությունը: -Պարո՛ն Բենյան, մենք սրտանց երախտապարտ ենք և զգացված Ձեր այցի համար, սակայն… Սակայն դրա անհայտ նպատակը հակասական մտքեր է առաջ բերում գլխումս: Ներեցե՛ք, եթե բառերս անքաղաքավարի են հնչում, պարզապես մեր Անգելինան մոտ կես տարի է` անհետացել է, և ամեն մի մարդ, ամեն մի երևույթ` կապված նրա անվան հետ մեզ մի կողմից հույս է ներշնչում, մյուս կողմից մեր երակներում ցավոտ վախ է ներարկում: Դուք, պարո՛ն Բենյան, որևէ տեղեկություն ունե՞ք նրանից: -Ավա~ղ… Ինքս էլ Ձեզ այցելել եմ նույն պատճառով, սիրելի՛ Արթուր: Կարծում էի, թե նա Ձեզ հետ կապ հաստատած կլիներ, և գոնե կիմանայիք նրա գտնվելու վայրը: Բայց, ինչպես տեսնում եմ, բոլորս բոլորովին անտեղյակ ենք նրանից:

Շարունակելի…
Անահիտ Հակոբյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Առանց դիմակի դիմակահանդեսում (նովել, մաս 6)"

Leave a comment

Your email address will not be published.


*