Առանց դիմակի դիմակահանդեսում

Անգելինայի համար այնքան կարևոր օրը վերջապես վրա հասավ: Պարզ, արևոտ օր էր, բնությունը անսովոր ներդաշնակության մեջ էր: Երբ Արթուրը բացեց տան դուռը դուրս գալու համար, քամին խելագարի պես սուրում էր՝ որպես համր մի գուշակ: Արթուրը նայեց երկնքին, ու նրան թվաց, թե իր երեք սրբությունները՝ հայրը, քույրն ու դուստրը, այնտեղից ջերմ ժպտում էին իրեն: Նա ինքն էլ անկարող էր հասկանալ, թե ինչպես էր տանում այդ ծանր ցավն ու գետնին ամուր կանգնած մնում: Մարդն Աստծո վերջին արարչությունն է, հավանաբար այդ պատճառով էլ ամենաուժեղն ու դիմացկունն է Մայր Բնության մյուս բոլոր բնակիչներից… -Արթու՛ր, պետք է շտապենք, ուշանում ենք, — շշնջաց Աննան՝ վախեցած հայացքով նրան նայելով: Արթուրը նրան նայեց ու գրկեց, համբուրեց փոքրիկ Անգելինային ու ասաց. -Հուսով եմ՝ վիրահատությունը բարեհաջող է անցել, ու մենք կկտեսնենք Անգելինային այնտեղ՝ այդ հանելուկային ժամադրությանը: Եկեք, աղոթենք նրա համար նախքան գնալը: Նրանք երեքը ամուր սեղմեցին մեկմեկու ձեռքերը, իրենց աղոթքները միահյուսեցին ու ուղարկեցին երկինք: -Ամե՜ն… -Ամե՜ն… _Ամե՜ն… Երբ նրանք հասան նշված հասցեով, Մարգարիտն ու պարոն Բենյանն արդեն այնտեղ էին: Դա մի համեստ, բայց գեղեցիկ շինություն էր: Նրանք մոտեցան շինությանն ու մուտքի ցուցատախտակի վրա կարդացին՝ «Հրեշտակներ» Կրթական Կենտրոն մանկատան երեխաների համար: -Ի՞նչ է սա, պարո՛ն Բենյան, — Աննան ակամա հարցն ուղղեց պարոն Բենյանին: -Տիկի՛ն Աննա, այստեղ են նրա որոշ գրչակից ընկերներ և մենք, ուրիշ ոչ ոք չկա: Նրանք ասացին, որ հրավեր են ստացել Անգելինայի անունից՝ ներկա գտնվելու նրա նոր գրքի շնորհանդեսին ու մանկատան երեխաների համար նախատեսված Կրթական Կենտրոնի բացման արարողությանը: -Նրա՞: Այս կենտրոնը նրա՞նն է: Տե՜ր իմ… Որքան եմ ուզում գրկել քեզ ամուր ու համբուրել, իմ Անգելինա, իմ իրական երկրային հրեշտակ,-անսպասելիորեն բացականչեց Արթուրը տարիների համրությունից հետո հանկարծ խոսել կարողացող մանկան նման:-Որտե՞ղ ես, Անգելինա՜, — նա ուժասպառ էր, նա այլևս ի զորու չէր թաղել բառերի կույտերն իր հոգում: -Այո՛, պարո՛ն Արթուր, սա նրա երազանքն էր: Այս շինությունը նվիրական երազանքի ու անկոտրում ջանքերի, ձախողումների ու հաջողությունների ամբողջություն է: Բայց արդյունքում նա արեց դա: Աստվա՛ծ իմ, նա իր սուրբ երազանքն իրականություն դարձրեց,- հուզված ասաց Մարգարիտը: -Ընկերնե՛ր, եկեք ներս գնանք, գրքի շնորհանդեսը կարծես սկսվում է: Ինձ անչափ հետաքրքիր է՝ ինչի մասին է գիրքը, և ով է անցկացնելու միջոցառումը,-ասաց պարոն Բենյանն անհամբերությամբ ու նրանք մտան մեծ դահլիճ: Երբ նրանք զբաղեցիրն իրենց տեղերը, լույսերն անմիջապես հանգան, և առջևի պատին հայտնվեց մի մեծ էկրան, որի վրա գրված էր գրքի վերնագիրը՝ «Դիմակահանդեսում՝ Առանց Դիմակի», Անգելինա Դերյան: -Դիմակահանդեսում՝ առանց դիմակի…- կրկնեց Արթուրը գրեթե անլսելի ձայնով ու ժպտաց իր ներսի զգացմունքային խառնաշփոթի միջից: Գրքի ապագա ընթերցողների համար դա պարզապես հետաքրքիր մի վերնագիր էր, բայց իր համար, Աննայի համար, Անգելինայի մտերիմների համար դա ոչ միայն գրքի վերնագիրն էր, այլ մի ամբողջ կյանքի վերնագիր՝ նրա երիտասարդ, բայց կայացած ու իմաստնությամբ հարստացած կյանքի վերնագիրը: -Նա չեկավ, նա այլևս երբեք չի գա…,-շշնջաց Աննան՝ սառած իր իսկ մտքից:Անգամ նրա արցունքներն էին սառել աչքերում՝ սևեռված էկրանին: Հանկարծ դահլիճում հնչեց Անգելինայի ձայնագրված ձայնը: Ձայնագրության մեջ նա նախ ներկայացրեց գիրքը, ապա սկսեց ընթերցել իր սիրելի հատվածները: -Պարո՛ն Բենյան, այս ամենն ինձ հուշում է, որ… մենք կորցրել ենք նրան, պարո՛ն Բենյան, նա չեկավ, իմ Անգելինա հրեշտակը ճախրեց երկինք, — կցկտուր ասաց Մարգարիտը: Նրանք լսում էին Անգելինայի ձայնագրված ձայնը, ինչպես հավերժ անհետացող քամու սուրոց. «Եվ ահա եկավ ընտրության ժամանակը… Նա պետք է ընտրեր մեկին կամ բոլորին, պետք է ընտրեր դյուրինն ու հաճելին կամ խրթինն ու տանջալին: Նա քաջ գիտակցում էր, որ իրավունք չուներ սխալվելու, որ այդ սխալը կլիներ ճակատագրական: Այժմ նա միայն մեկին ուներ իր կողքին, ում կորցնելուց մահու չափ վախենում էր: Մարդ, ով իր համար բացահայտել էր «սեր» կոչված երևույթի իրական իմաստը, ցույց տվել, որ սերը առեղծվածային ու բարդ երևույթ չէ, ինչպես շատերն են համոզված, նա ապացուցել էր, որ սերն այնքան պարզ է, այն պարզապես մի եթերային զգացողություն է, երբ զգում ես, որ քո մի մասը՝ մարմնիդ ու հոգուդ կեսը, կանգնած է կողքիդ, խոսում է հետդ, ժպտում է քեզ ու պարզապես սիրում: Այո’, նրանք պարզապես սիրում էին միմյանց: Ապա նա հիշեց իր հարազատ մարդկանց, նրանց խորհուրդներն ու խրատները, իր մորը՝ անսպառ լույսի միջից հուսաթաթախ հայացքով իրեն նայող, հորը՝ տանջանքի ծանր բեռից կռացած մեջքով, այն փոքրիկին, ով իր կյանքին նոր երանգ էր տվել: Ուր էին նրանք հիմա, տեսնու”մ էին արդյոք իրեն, երանի իր կողքին լինեին, օգնեին իրեն ճիշտ կողմնորոշվել: Բայց նրանք հեռու էին, շատ հեռու… Այդ պահին հեռավորությունը միայն տարածություն էր նշանակում, բայց շուտով գուցե և հավերժություն դառնար: Հետո հիշեց իր պապիկին, ում նա խոստում ուներ տված: Խոստացել էր դիմակահանդես մտնել առանց դիմակի ու դիմակահանդեսի մեծ հարթակում շախմատ խաղալիս զգոն լինել, բայց և արդար խաղալ, ամեն քայլն անելիս զգուշանալ դիմացինին վնասելուց, բայց և թույլ չտալ, որ իրեն վնասեն պճնված դիմակավորները…»

Անահիտ Հակոբյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Առանց դիմակի դիմակահանդեսում"

Leave a comment

Your email address will not be published.


*