Առաջնագծի որոշ ուղղություններում ՊԲ-ն մարտավարական նպատակով ետ է քաշել զորքերը, որպեսզի ավելի մեծ վնասներ հասցնի թշնամու զորքերին. Վահրամ Պողոսյան

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, թե ինչու է առաջնագծի որոշ ուղղություններում Պաշտպանության բանակը ետ է քաշել զորքերը:

«Ավելորդ շահարկումներից խուսափելու համար, նշեմ, որ առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակով Պաշտպանության բանակը ետ է քաշել զորքերը, որպեսզի.

ա) խուսափի ավելորդ զոհերից,

բ) ավելի մեծ վնասներ հասցնի թշնամու զորքերին։

Երկու առումով էլ ձեռքբերումները զգալի են։

Բանակի հրամանատարությունը շարունակում է արհեստավարժ կերպով վարել մարտերը, և հեռու չէ այն օրը, երբ կտեսնենք, թե ինչպես է թշնամու կազմալուծված բանակը խուճապահար նահանջում։ Ու որոշումն արդեն ընդունված է, մենք կանգ չենք առնելու»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3145 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 230 զոհ և 200-ից ավելի վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Առաջնագծի որոշ ուղղություններում ՊԲ-ն մարտավարական նպատակով ետ է քաշել զորքերը, որպեսզի ավելի մեծ վնասներ հասցնի թշնամու զորքերին. Վահրամ Պողոսյան"

Leave a comment

Your email address will not be published.


*