Առողջապահության նախարարը վստահեցնում է՝ ՀՀ-ում կեղծված դեղեր չկան

ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը բարձրաձայնեց ՀՀ շուկայում դեղերի որակի հարցը: Ըստ նրա, մարդիկ նախընտրում են դրսից դեղեր ձեռք բերել, քան գնել այստեղ վաճառվող նույն դեղորայքը:

«Ի՞նչ վերահսկողության մեխանիզմներ կան շուկայում վերահսկելու կեղծ կամ անորակ դեղերի առկայությունը ՀՀ-ում: Հնարավորություն կա՞ դա վերահսկելու, հնարավոր է՝ այդ դեղերը չլինեն վտանգավոր, բայց օգուտ էլ չտան: Եվ հետո մարդիկ գումարներ են վճարում ու օգուտ չեն ստանում»,-ասաց նա:

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը պատասխանեց, որ  յուրաքանչյուր դեղորայք, որը մտնում է Հայաստան պետք է գրանցված լինի և յուրաքանչյուր պարամետրի փոփոխությունն է անգամ նոր գրանցում պահանջում:

«Այս ամբողջ գործընթացը տարիներ շարունակ իրականացվում է, և պետք է ասել, որ  բարձր մակարդակ է այս հատվածում ապահովված. միջազգային լաբորատոր ցուցանիշերով կարողանում ենք իրականացնել այդ աշխատանքները»,-ասաց նա:

Ինչ  վերաբերում է ոչ լեգալ շրջանառությանը, ապա ըստ նախարարի՝ դա շատ փոքր տոկոս է կազմում:

«Մենք կարողացել ենք այդ  ցուցանիշներին տարիների ընթացքում հասնել: Հիմնականում պայմանավորված է լինում նրանով, որ հիվանդը հարազատին խնդրում է այս դեղը բերել իրենց անհատական եղանակով՝ նշելով, որ այս կամ այն պրեպարատը, որ գնել է ՀՀ-ում, իր համար քիչ արդյունավետ է, քան այն ինչ-որ իրեն ուղարկել են երրորդ երկրից»,-ասաց նա:

Նախարարի խոսքով՝ այստեղ օբյեկտիվ և սուբյեկտիվ մասեր կան:

«Օբյեկտիվ մասով այսօր ես մեկնաբանությունների պատրաստ չեմ, իսկ սուբյեկտիվ մասով՝ հստակ և ապացուցված է, որ բժշկության մեջ կա այսպիսի հասկացություն՝ պլացեդո էֆեկտ։ Սա ընդունված հասկացողություն է, և բոլոր գիտական հետազոտությունների  մեջ այս պլացեդո էֆեկտը հաշվի առնում են։ Այսինքն՝ կարելի է ուղղակի նույն հաբը տալ և ասել՝ սա էֆեկտիվ է և 10 տոկոսի դեպքում ստանալ բուժական արդյունավետություն»,-ասաց նա:

Նախարար Մուրադյանը սակայն հավելեց, թե կարող է նաև դրա հակառակ էֆեկտը լինել. 10 տոկոսի դեպքում կարող է լինել պլացեդո՝ հակառակ նշանով:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Առողջապահության նախարարը վստահեցնում է՝ ՀՀ-ում կեղծված դեղեր չկան"

Leave a comment

Your email address will not be published.


*