‹‹Ասելու շատ բան կա, բայց միշտ պետք է ասել անելուց հետո››. Նոր Արմավիրում համայնքապետի ընտրություններ են

Մարտի 15-ին հանրապետության որոշ գյուղական համայնքներում համայնքապետի ընտրություններ են լինելու: Այս առիթով աշխատանքային այցի շրջանակներում եղանք Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում, թեկնածուներից զրուցեցինք գործող գյուղապետ Կարեն Գրիգորյանի հետ:

Նշենք, որ մոտավորապես 2000 բնակչություն ունեցող Նոր Արմավիրում մարդկանց ապրուստի և զբաղվածության հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն է՝ հողագործությունը և անասնապահությունը: Համայնքն ունի 1 դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, համայնքային կենտրոն, մանկապարտեզ։

Մեր այն հարցին, թե անցած տարիների ընթացքում Կարեն Գրիգորյանի նախագահության օրոք ինչ աշխատանքներ են կատարվել համայնքում՝ վերջինս պատասխանեց. ‹‹Բազմաթիվ գործեր են արվել այս տարիների ընթացքում. հիմնովին վերանորոգվել են խորքային բոլոր հորերը: Երկու անգամ ճանապարհներն են նորոգվել: Անցած տարի դպրոցի տանիքն է վերանորոգվել: Մանկապարտեզ, որպես այդպիսին, հիմնական չունենք. մարզպետարանի կողմից տրամադրված վարչական շենքն արդեն հինգ տարի է ծառայում է որպես մանկապարտեզ:
Խմելու ջրի խնդիր ընդհանրապես չկա, եթե անգամ խնդիր լինում է, ապա մեկ երկու օրում դրանք վերանում են: Ոռոգման ջրի հետ կապված էլ ամեն ինչ կարգին է, միայն անցած տարի մի քիչ խնդիրներ կային, որոնք որ առկա են համարյա բոլոր համայնքներում, բայց դրանք ևս հաղթահարվեցին››:

Անդրադառնալով առաջիկա ծրագրերին, որոնք կկատարվեն արդեն կրկին ընտրվելու դեպքում՝ գործող գյուղապետն ասաց. ‹‹Բավականին ծրագրեր կան, որոնց մեջ, թերևս, նշեմ ասֆալտապատումը, դպրոցի վերանորոգումն ու ջեռուցման ցանցի անցկացումը: Նմանատիպ բազմաթիվ այլ խնդիրներ ևս, ըստ ծրագրի, իրենց լուծումը կգտնեն: Ասեմ, որ խնդիրներ միշտ էլ լինում են, մեկը լուծվում է, մյուսն է ի հայտ գալիս ու այսպես շարունակ:
Ծրագրերը շատ են, այնպես պետք է կազմակերպենք, որ հերթականությամբ կատարվեն››:
Գյուղապետը նշեց նաև, որ իր ընտրվելու հավանակնությունը մեծ է և ավարտեց մեր կարճատև, լակոնիկ զրույցը՝ հավելելով՝ ‹‹Ասելու շատ բան կա, բայց միշտ պետք է ասել անելուց հետո››:

Վերջում մեզ մնում է միայն հաջողություն մաղթել բոլոր թեկնածուներին՝ հավատացած լինելով, որ յուրաքանչյուրն էլ, անկախ ամեն ինչից, կգործի միմիայն ի նպաստ ժողովրդի:

Մերի Եղիազարյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "‹‹Ասելու շատ բան կա, բայց միշտ պետք է ասել անելուց հետո››. Նոր Արմավիրում համայնքապետի ընտրություններ են"

Leave a comment

Your email address will not be published.


*