Արգելվում է ՀՀ և Արցախի անվտանգության դեմ քարոզչությունը. Ռազմական դրության մասին որոշումը լրացվել է

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշման մեջ փոփոխություններ են կատարվել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության e-gov.am կայքից:

«Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշումը լրացվել է նոր կետերով, որոնք սահմանում են.

«Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է:

Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը»:

Որոշման մեջ նշվում է, որ նախատեսված կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը: «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն իրավասու է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ապահովելու հրապարակված հաղորդումների և տեղեկությունների վերացումը, իրականացնելու տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք»:

Նշված է, որ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակելուց հետո՝ անմիջապես:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 8-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 145 անօդաչու թռչող սարք, 496 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4069 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 361 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Արգելվում է ՀՀ և Արցախի անվտանգության դեմ քարոզչությունը. Ռազմական դրության մասին որոշումը լրացվել է"

Leave a comment

Your email address will not be published.


*