Արցախում կայացավ ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի առթիվ պարգևատրման արարողությունը

Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն՝ ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ:

Նախագահ Սահակյանը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին՝ առանձնահատուկ նշելով մեր այն հայրենակիցների մասին, ովքեր մշտապես անգնահատելի աջակցություն են ցուցաբերում Արցախում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման մեջ կարևոր նշանակություն ունեցող խոշոր ծրագրերի իրականացմանը: «Հենց մեր այդ ընկերների գործուն մասնակցությամբ է մեզ հաջողվել վերափոխել տնտեսության մի շարք կարևորագույն ոլորտներ, մասնավորապես, առողջապահությունը, կրթությունը, մշակույթը, արտադրական ենթակառուցվածքները և այլն: Դրանք նախագծեր են, որոնք պահանջում էին հսկայական նյութական և ֆինանսական միջոցներ: Եվ այն, ինչ այսօր ունենք այդ ոլորտներում, որոնք իրենց տեխնիկական հագեցվածությամբ և շենքային պայմաններով չեն զիջում նույնիսկ առաջատար երկրներին, դա նաև ձեր շնորհիվ է»,- ընդգծել է իր ելույթում Բակո Սահակյանը:

Նախագահը հատուկ մեծարել է նաև ԼՂՀ պետական պարգևների արժանացած, Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում գերազանց արդյունքներ ցուցաբերած  մարզիկներին` նշելով, որ նրանք բարձր են պահել հայ ժողովրդի պատիվը և դրսևորել զինվորին վայել հայրենասիրություն, անձնվիրություն, համառություն ու տոկունություն: «Բոլորս մեծ հուզմունքով էինք դիտում այն պահը, երբ օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պարգևատրման արարողության ժամանակ պատվո հարթակ բարձրացավ Արցախի հերոս, Ապրիլյան պատերազմում նահատակված Ռոբերտ Աբաջյանի լուսանկարը կրծքին: Դա հերոսական ու խորհրդանշական քայլ էր, որն ամբողջ աշխարհին մեկ անգամ ևս ցույց տվեց, որ   հայ ժողովուրդը միակամ է ու միասնական, որ մեր պայքարը և հաղթանակներն ընդհանուր են: Մենք  բոլորս հպարտանում ենք ձեզնով, ձեր հաջողություններով ու հաղթանակներով«,- նշել է իր ելույթում Բակո Սահակյանը:

Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Արցախում կայացավ ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի առթիվ պարգևատրման արարողությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*