Բախտավոր դժբախտը

Ձեռք ձեռքի տված համախմբվել էին չապրված օրեր ու տարիներ կորսված, չասված խոսքեր ու պատգամներ, չլսված առաջին ճիչերն իր իսկ մանչերի, չարտասված արցունքներ՝ կոկորդին շարված… համախբվել ու կազմել էին վշտյա մի շղթա ամրակուռ, փաթաթվել վզին նրա տանջահար հոգու ու սատանայի նենգ հրահրումով նրա ականջին փսփսում էին. <<Դժբա՜խտ ես դու, դժբախտ, բախտդ կորել է, չե՞ս տեսնում միթե>>: Խեղդվում էր շղթայից այդ ցավակուռ, գոռալ էր ուզում, բայց ձայն չուներ ասես, լալ էր ուզում՝ արտասուք չուներ, լեզուն էր պապանձվել խոսելու համար, աչքերը սառել՝ դեպ երկինք հառած…
— Չհանձնվե՛ս, լսու՞մ ես պա՜պ, խարդավանք է սա, նենգ ցավի լարած հերթական թակարդ: Հապա ուշքի ե՛կ, պա՜պ, իմ բախտավո՛ր դժբախտ,- հոգու խորքերից արձագանքում էին նրան ուղղված շշուկներն աղոթքիս:- Թե հեգնանքով բախտ բաշխողի և կամ կյանքի գործուղումով դոշիդ փակցվեց <<դժբախտ>> պիտակ, ու շեղվեց ճամփադ տնկածդ այգուց նորաթուխ, չկարծես, թե փոթորիկներն ու քամիները չարակամ ի զորու եղան այն ավիրել: Հապա մի նայի՛ր, թե ո՜նց է ծաղկել, փթթել քո այգին, նայի՛ր մեր մայր ծառին, որ տնկեցիր այգուդ կենտրոնում տարիներ առաջ: Տեսնու՞մ ես ՝ ոնց է վեհ կանգնել հողին ու սաղարթները տանիք դարձրել մանչ ծառիդ՝ իմ անգին գանձին, ու մեզ՝ ծաղիկներիդ եռյակ քույրեր: Ահա՜ նայի՛ր՝ քո տեղն էլ պահել, փայփայել է քամիներից ավերիչ ու որդերից, միջատներից թունավոր: Խնդրում եմ, չընկնես ծուղակը ցավի ու հուսալքության, այդ պիտակն արդեն պոկվում է ՝ նայի՛ր, շուտով կկորչի անհետ:: Տե՛ս՝ ծաղիկներդ կոկոմ բացվել են, ծաղկել, բուրում են անուշ ու ժպտում երախտագին: Քո՛նն են ժպիտներն այդ, լսու՞մ ես, ծաղիկներդ հավերժ ժպիտներ են խոստացել մայր ծառին ու քեզ, իմ հարազատ, իմ բախտավո՜ր դժբախտ…
Օ՜հ, հապա նայի՜ր այն նոր ծաղիկին՝ հեզիկ նիրհած մանչ ծառիդ ստվերում: Նրանք սիրով են՝ բնատուր սիրով՝ մաքուր, անաղարտ… Ծաղկու՜մ է այգիդ պա՜պ, մանչ ծառդ բողբոջել է նորեկ ծաղիկի ջերմ քնքնշանքներից, շուտով պտուղ կտա բողբոջն առաջին: Զարթնի՛ր անհապաղ այդ օտար մղձավանջից, քանդի՛ր վզիդ սպանիչ շղթան ու ե՛տ դարձիր այգին քո բախտի: Այնտեղ չկա <<դժ>> նախածանց, այնտեղ ապրում ու քեզ են սպասում կորսված բախտիդ կտորներն անգին: Դե՜, արի՜, հարազա՜տս, այգիդ ծաղկում է, տեղդ՝ երևում…

Անահիտ Հակոբյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Բախտավոր դժբախտը"

Leave a comment

Your email address will not be published.


*