Բախտիկյանը (պատմվածք)

Կեսգիշեր էր, երբ Գագիկը գլխիկոր դուրս եկավ խաղատնից: Այդ պահից նա անտուն էր: Քիչ առաջ իր հայրական բնակարանը թողեց խաղատանը, ու դուրս եկավ: Երեք օր ժամանակ ուներ տունը ազատելու համար: Դժվար էր հավատալ կատարվածին: Ոտքերը հազիվ քարշ տալով, նա ծանր քայլում էր փողոցով, թվում էր ջրի միջով է քայլում: Իսկ ամեն ինչ սկսվել էր շատ անմեղ ձևով: Ամիսներ առաջ Գագիկի մանկության ընկերը՝ Աշոտը, նրան իր հետ տարավ խաղատուն՝ լավ ժամանակ անցկացնելու, և հենց առաջին փորձնական խաղադրույքի ժամանակ բախտը ժպտաց Գագիկին: Դա հենց այն «ընծան» էր, որը խաղատան տերերը միշտ պատրաստ են բաժին հանել նորեկների համար: Այդ երեկո նա տուն վերադարձավ բավական մեծ գումարով և բարձր տրամադրությամբ: -Հոգնել եմ գրասենյակում ժամերով նստելուց և ուրիշների փողերը հաշվելուց Անի՛կ, – երջանիկ ժպիտը դեմքին, կյանքի փիլիսոփայությունը բացահայտած մարդու տոնայնությամբ ասաց կնոջը:-Ճիշտ է Ասում Աշոտը՝ մեծ փողերը՝ մեծ ռիսկ են սիրում: Այն ինչ եղել է մինչ օրս՝ մոռացիր: Այսուհետ մենք նոր կյանքով ենք ապրելու: Ես էլ ջահել օրերս չեմ մեռցնի այդ հոտած գրասենյակում՝ թղթերի կույտի մեջ : Չես պատկերացնի, թե ինչ բախտավոր ամուսին ունես, սրանից հետո ինձ կարող ես Բախտիկյան ասել,- հպարտությամբ ասաց Գագիկը աթոռին՝ կարծես գահի վրա բազմելով, և գրպանի թղթադրամների կույտը սեղանին լցնելով: Հերիք էր, որ Բախտիկյանը առներ հեշտ փողերի համը՝ նրա այցելությունները խաղատուն մշտական դարձան: Գրասենյակում ի պատասխան տնօրենի հանդիմանությանը՝ թե ինչու մի քանի օր չի ներկայանում աշխատանքի՝ Բախտիկյանը պատասխանեց.« Կարող ես հե՛նց հիմա ազատել աշխատանքից: Ի՛նքդ առավոտից երեկո առնետի նման խրվիր թղթերի կույտի մեջ, իսկ ինձ՝ ազատի՛ր այդ «հաճույքից»: Ես ավելի հարմար գործ եմ ճարել»: Անցավ առաջին շաբաթը, բախտը սկսեց դավաճանել Բախտիկյանին: Եվ ամեն անգամ տանուլ տալուց հետո, նա ավելի ուժգին խանդավառությամբ էր գալիս խաղատուն՝ հույսով, որ այսօր անպայման հետ կբերի կորցրածը: Այսպես անցան ամիսներ և եկավ հենց այդ օրը, երբ նա իր բնակարանը խաղատանը թողած, գլխիկոր գնում էր տուն՝ տուն, որն արդեն իրենը չէր: Լիալուսին էր: Ամայի փողոցը թաղված էր լուսնի կաթնավուն լույսի մեջ: Փոքր ինչ քայլելով Գագիկը տեսավ ոտքերի տակ ընկած առաջին թղթադրամը: Կռացավ, բարձրացրեց և հանկարծ նկատեց մյուսը, հետո՝ մյուսը: Ամեն քայլափոխին թղթադրամներ էին ընկած: Բախտիկյանը ագահորեն հավաքում էր դրանք: Նրա մռայլ տրամադրությունը անցավ, բախտը կրկին ժպտում էր իրեն: Նա այդ թղթադրամներով լցրեց բոլոր գրպանները և շտապեց տուն: Խուսափելով կնոջ հետ հաղորդակցվելուց, նա սահուն մտավ իր սենյակը և սկսեց գրպանի պարունակությունը արագ-արագ դատարկել գրասեղանի վրա: Հանկարծ նա քարացավ, ծնկները ծալվեցին, սառը քրտինք էր պատել Գագիկի ճակատը: Այժմ նրա մթագնած ուղեղը պայծառացել էր և նա իր առաջ սեղանին լցրած՝ կոնֆետի թղթերի կույտ էր տեսնում միայն: Գագիկը սարսափահար էր: Այնքան էր տարվել փողերով, որ թղթերը աչքին փող էին թվացել: Նա հասկացավ, որ խելագարության եզրին է կանգնած և այսպես շարունակել այլևս անհնար է: Այդ օրը նա դուրս չեկավ իր սենյակից: Քնեց, փոքր-ինչ հանգստացավ, առավոտյան զրուցեց կնոջ հետ, ներկայացրեց իրավիճակը, խոստացավ, որ էլ երբե՛ք, և միասին սկսեցին հավաքել իրերը: Գագիկը այլևս երբեք ոտք չդրեց խաղատուն: Տատից ժառանգած գյուղի իրենց տանը երեկոները տաք վառարանի կողքը նստած, նա հաճախ էր հիշում խաբկանքի այդ օրերը, հետո նայում էր կնոջը ու ինքն իրեն մտածում.« Բայց ես իրոք Բախտիկյանն եմ, հա, հա, Բախտիկյանն եմ, որ կողքիս այսպիսի կին ունեմ»:
Մարինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Բախտիկյանը (պատմվածք)"

Leave a comment

Your email address will not be published.


*