«Բայց էդ սուտասանին չէինք սպասում և մենք մերժեցինք իրա հետ հանդիպելու առաջարկը». այգետեր

Այս օրերին երբ մեր ուշադրությունը սեւեռված է ՀՀ եւ Ղարաբաղա-Ադրբեջանական սահմանային լարվածությանը, Արարատի մարզում խաղողագործները հերթական բողոքի ակցիա կազմակերպեցին` այսօր Երեւան-Մեղրի ճանապարհը փակելով:
Հիշեցնեք, որ այգետերերը նախորդ տարվանից պայմանագրեր են կնքել մարզի գինեգործարարնների հետ, բերքը մթերելու պայմանով` 1կգ. 150 դրամով: Սակայն բերքի առատության եւ տարատեսակ պատճառաբանությունների պայմաններում գործարանի սեփականատերերն այս եռուն շրջանում հրաժարվում են մթերելուց: Խնդրի հետ կապված Արարատի մարզի Այգեզարդ համայնքի այգետերերից մեկն, ով այսօր մասնակցում էր բողոքի ակցիային ասաց. «Մեր ընտանիքն ենք պահում, օրվա հաց ենք առնում, բա էլ չեմ ասում ամբողջ տարվա ընթացքում այգու վրա ծախսած փողի մասին՝ սկսած թունաքիմիկատից, հողի ու ջրի վարձից ՝ վերջացրած այս 5 օրերի գործարանի դեմը կանգնած բեռնատարի վարձից, բայց չեն ընդունում մեզ, խաբում են»:

Մինչ ակցիայի մասնակիցները փակել էին մայրուղին, մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հորդորում էր բացել ճանապարհը, իսկ թե ինչ եղավ, մեզ պատմեց տարեց այգետերերից Վազգեն պապը, ով ասաց,- « Մեզ հետ հանդիպելու համար եկավ Գյուղ. նախարարը եւ նրա տեղակալ Սամվել Գալստյանը, բայց էդ սուտասանին չէինք սպասում եւ մենք մերժեցինք իրա հետ հանդիպելու առաջարկը: Մեր մարզպետը պատրաստակամ էր օգնելու, բայց ինքն ինչ անի, իրան հարգում ենք, որ գիշեր-ցերեկ մեր կողքին ա եղել»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ժողովրդի հետ հանդիպման պայմանով եկել է եւ հանդիպել խաղողագործների հետ մարզպետարանում, որին ներկա է եղել նաեւ ԱԺ պատգամավոր, գինեգործարանատեր Կարո Կարապետյանը (յուվեցի Կարոն), որին հանձնարարվել է վաղվանից իրեն պատկանող Շահումյանի եւ Քաղցրաշենի գործարաններում մթերել Արտաշատի տարածաշրջանի մի շարք՝ Հնաբերդ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Այգեզարդ, Նարեկ եւ այլ համայնքների այգեգործների բերքը: Ի դեպ, խաղողը ընդունելու են 1 կգ. 80-100 դրամով, մինչդեռ, ըստ տարածված լուրերի, այս իրավիճակը միտումնավոր են ստեղծում, որ բերքի գինը իջեցնեն: Մեկ այլ աղբյուրի համաձայն` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ  Հրաչյա Բադալյանն իր ծննդավայրի՝ Վերին Արտաշատ համայնքի գինու գործարանի սեփականատերն է , որը կոպեկներով ձեռք բերելուց հետո չի աշխատեցնում, դեռ ավելին՝ հեկտարներով այգու տեր է, որի 40-50 տ. բերքը ևս հանձնում է Այգեստան համայնքում «Պռոշյան գինու գործարան»-ի մասնյաճյուղին, արդյունքում նսեմացնում եւ արտագաղթի ճանապարհը ցույց տալիս մեր բարոյալքված գյուղացուն:
Հ. Գ.Մարզի բարոյահոգեբանական վիճակի մանրամասներին ծանոթացեք մեր հետագա հոդվածներում :

Հոդվածը պատրաստեց` Կարինե Սարգսյանը

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "«Բայց էդ սուտասանին չէինք սպասում և մենք մերժեցինք իրա հետ հանդիպելու առաջարկը». այգետեր"

Leave a comment

Your email address will not be published.


*