«Բարձրագույն կրթության մասին» օրենքի փոփոխությամբ դրվում է ուսանողակենտրոն քաղաքականության հիմքը. Լևոն Մկրտչյան

Այսօր կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կառավարության նիստին ներկայացրեց «Բարձրագույն կրթության մասին» և հարակից այլ օրենքների փաթեթում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը։

«Օրենքով համալիր և որակական փոփոխություններ են առաջարկվում բարձրագույն կրթական համակարգում, նպատակը որակի բարձրացումն է։ Օրենքի փիլիսոփայությունն ամբողջությամբ փոխվում է, և դրվում է ուսանողակենտրոն քաղաքականությունը, որն ամբողջությամբ փոխում է կրթական գործունեության կազմակերպման այսօրվա գործառույթը։ Ուսանողի՝ կրեդիտներ հավաքելու գործընթացը դառնում է հիմնարար նպատակ»,-ասաց նախարարը։

Նախարարը նշեց, որ հաջորդ փոփոխությունը վերաբերում է բուհերի իրավական կարգավիճակի և ներքին դեմոկրատիայի զարգացմանը: Նա նշեց, որ կառավարման ամբողջական նոր համակարգ է, ավելի բալանսավորված է դառնում ռեկտոր, գիտխորհուրդ, բուհական խորհուրդ կապը և այս եռանկյունում իշխանության բաշխումը, իրականացվում է նաև դեկանային, ամբիոնային աշխատանքների հստակեցում:

«Ամբողջությամբ նորամուծություն է նախաբակալավրիատի ներմուծումը, որը հնարավորություն կտա հատկապես մարզային համալսարաններում իրականացնել տվյալ մարզի սոցիալ-տնտեսական կարիքներից բխող սահուն, կրթական ծրագրեր։ Հրաժարվում ենք լիկվիդների հեռակա ուսուցման այսօրվա պրակտիկայից, ձևավորվում է միջազգայնորեն ընդունված ամբողջական դասընթաց և մասնակի դասընթաց (full time, part time)։ Ուսանողը հնարավորություն է ստանում բակալավրիական կրթություն իրականացնել ամբողջական դասընթացով 4-ից 6 տարվա ընթացքում, իսկ մասնակի կրթությունը՝ 4-ից 8 տարվա ընթացքում, որը հնարավորություն կտա աշխատելու հետ միաժամանակ իրականացնել կրեդիտների հավաքման գործընթաց»,-մանրամասնեց կրթության և գիտության նախարարը։

Նա նիստից լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս փոփոխությունները տարիների աշխատանքի արդյունք է: «Մեր բարձրագույն կրթական համակարգում օրենքի ընդունումից հետո արմատական փոփոխություններ պետք է տեղի ունենան»,-ասաց նա և նշեց, որ ըստ էության կատարվում է ԵՄ-ի հետ մեր պայմանավորվածության՝ բարձրագույն կրթական համակարգի՝ եվրոպական տարածքում ամբողջությամբ ինտեգրման հինգ պայմաններից մեկը: Նա նշեց, որ օրենքից հետ կընդունվեն ենթաօրենսդրական ակտեր և համակարգը կանցնի արմատական փոփոխության ճանապարհ:

Լևոն Մկրտչյանը նկատեց, որ հասարակության մեջ կա տպավորություն, որ ուսանողական ներգրավվածության տոկոսը շատ բարձր է Հայաստանում, բայց մենք 51-52 տոկոսի շրջագծում ենք:

«Այստեղ անելիք շատ ունենք, այս տարի մի քիչ դժվար տարի է, շրջանավարտները ռեֆորմի պատճառով տասը հազար են լինելու, բայց հաջորդ տարիներին դա կկարգավորվի»,-ասաց նա:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "«Բարձրագույն կրթության մասին» օրենքի փոփոխությամբ դրվում է ուսանողակենտրոն քաղաքականության հիմքը. Լևոն Մկրտչյան"

Leave a comment

Your email address will not be published.


*