Բժշկուհին՝ սովորական ու covid19-ով պայմանավորված թոքաբորբի միջև եղած տարբերության և ՀՇ կատարելու անհրաժեշտության մասին

Բոլորիս պատուհասած համավարակը, կարծես թե դեռ չի ուզում զիջել դիրքերը, դեռ ավելին, սեզոնային հիվանդությունների հետ կապված, նոր թափ է հավաքել:Եվ հենց դրանով էլ պայմանավորված, մարդկանց մեծամասնությանը հուզում է այն հարցը, թե ո՞րն է սովորական թոքաբորբի և covid19-ով պայմանավորված թոքաբորբի միջև տարբերությունը, ե՞րբ պետք է կատարել թոքերի համակարգչային շերտագրում (ՀՇ)… gmpress.am-ի հետ զրույցում բժիշկ-թերապևտ, Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Լամարա Մանուկյանն անդրադառնալով վերոնշյալ հարցերին ասաց, որ թոքերի բորբոքումը (պնևմոնիա) մանրէային բնույթի թոքային հյուսվածքի բորբոքումն է, որի մեջ հիմնականում ներգրավված են ալվեոլները (թոքերում բշտիկային կազմավորումներ, որոնք փաթաթված են մազանոթների ցանցով և մասնակցում են շնչառության գործողությանը): Թոքաբորբերը լինում են արտահիվանդանոցային ու ներհիվանդանոցային, և հարուցվում են տարբեր միկրոօրգանիզմների (հաճախ հանդիպող պնևմոկոկկի-95%,ստաֆիլոկոկկի, ստրեպտոկոկկի, ինֆլուենցիա հեմաֆիլիուսի) կողմից, այդ թվում և վիրուսներից (կորոնավիրուսի-15%):

«COVID-19- ի ժամանակ թոքերի ախտահարումը թոքաբորբ կոչել չի կարելի, դա ալվեոլների դիֆուզ վնասումն է, որի հիմքում ընկած է ոչ թե բորբոքումը, այլ մազանոթներում միկրոթրոմբերի գոյացումը և թոքի ինֆարկտը։ Այսինքն՝ զարգանում են թոքերի մազանոթների բորբոքում և տարածուն միկրոթրոմբոզ, որոնց լաբորատոր արտահայտումն է «ցիտոկինային փոթորիկ» և հիպերկոագուլացիոն համախտանիշները, իսկ կլինիկական արտահայտումը գրագետ ձևակերպմամբ կլինի՝ թոքերի վիրուսային կամ ատիպիկ ախտահարում կամ պնևմոնիտ, որն էլ կարող է բերել սուր շնչառական դիսթրես համախտանիշի՝ շնչառական մակերեսի նվազեցմամբ և թթվածնային քաղցով, որն էլ կարող է ավարտվել մահվան ելքով ։ Ուստի վարակակրի աուսկուլտատիվ (թոքերի լսում) տվյալները և ռենտգեն հետազոտությունը կարող են քիչ ինֆորմատիվ լինել։ Ռենտգեն հետազոտության ժամանակ մենք կարող ենք ստանալ ատիպիկ թոքաբորբի շատ սակավ և անուղղակի տվյալներ, օրինակ՝ բրոնխոանոթավորման ուժեղացման կամ մանր ֆիբրոզ օջախների առաջացման պատկեր։ COVID19-ով պայմանավորված թոքաբորբի հավաստի ախտորոշումը դրվում է միայն ՀՇ տվյալներով։ Այս դեպքում, ՀՇ պատկերը ցույց է տալիս թոքերի օդակրության իջեցում, բազմաօջախային, պոլիսեգմենտար, սուբպլևրալ, երկկողմանի, «հաղճապակու» տեսքով ախտահարված օջախներ, միջբլթային միջնապատերի հաստացումով և օջախների միաձուլումամբ կամ համախմբումամբ։

Այսպիսով, թոքերի համակարգչային շերտագրումը անհրաժեշտ է այն COVID-19 հիվանդներն, ովքեր ունեն՝

1. սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաներին և կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներ (հազ, հարբուխի երևույթներ, ցավ կոկորդում և կրծքավանդակում, ընդհանուր թուլություն, սրտխառնոց, գլխացավ, մկանացավ և այլն),

2.երեք օրից ավել 37,5-38 աստիճան և ավելի բարձր ջերմություն,

3.դժվարացած շնչառություն և/կամ հևոց (20-22 և ավել շնչառական շարժում րոպեում) ֆիզիկական ծանրաբեռնվածության ընթացքում, որը նախկինում չի եղել,

4. թթվածնային հագեցվածության ցուցանիշը ( սատուրացիան) < 95%:

5. կամ եթե հիվանդը ակնհայտ շփում է ունեցել կորոնավիրուսով հիվանդի հետ, և, դրանից հետո, միջինը, հինգ-վեց օր անց, նա ունի անսովոր դժվարացած շնչառություն, կրծքավանդակի շրջանում սեղմվածության զգացում:

COVID-19- ի մեղմ ու ասիմպտոմատիկ ընթացքով ՀՇ- ն անհրաժեշտ չէ: Հարցին, թե որքան հաճախ պետք է անել թոքերի ՀՇ, միշտ պատասխանում եմ ՝ որքան քիչ, այնքան լավ, առաջին հետազոտությունից 4-6 շաբաթ հետո, իհարկե, եթե չունենք բարդություններ կամ այլ պատճառներ ավելի հաճախ կրկնելու»։

Վերջում բժշկուհին փոքրիկ հուշում տվեց այն մասին, թե ինչպես կարող ենք  տնային պայմաններում  հասկանալ, որ հևոց ունենք. «Խնդրեք ձեր կողքին գտնվող մարդուն հաշվել ձեր շնչառական շարժումները մեկ րոպեի ընթացքում: Մեկ շնչառական շարժումը. ներշնչում և արտաշնչում: Եթե ​​14-18 անգամ եք շնչում, ուրեմն առողջ եք: Եթե ​​20-22 և ավելի է, ապա դա արդեն հևոց է, և անհրաժեշտ է բժշկի խորհրդատվություն:

Եղեք առողջ, տեղեկացված, պաշտպանպանված, զգոն և լավատես։ Խաղաղություն բոլորիս»,- եզրափակեց բժիշկ-թերապևտ, Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Լամարա Մանուկյանը ։

Զրուցեց՝ Մերի Եղիազարյանը

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Բժշկուհին՝ սովորական ու covid19-ով պայմանավորված թոքաբորբի միջև եղած տարբերության և ՀՇ կատարելու անհրաժեշտության մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*