Գաճաճ ծառը (պատմվածք)

Աշխարհի վրա մի փոքրիկ երկիր կա, զարմանալի երկիր է դա: Ժամանակին այն համարվում էր դրախտավայր, բայց եկավ մի օր, երբ թունավոր սերմ գցեցին այս երկրի մեջ: Այդ սերմը օրեցօր ծծելով երկրի ողջ կենսական ուժը, արմատ գցեց և դարձավ ծառ: Դա սովորական ծառ չէր, այն դեմք ուներ, որը հինգ-տասը տարին մեկ փոխում էր՝ ինչպես օձն իր կաշին կփոխի: Ճկունությամբ այս ծառին չէր կարող հասնել ոչ ոք, նա անընդհատ դիրքափոխվելով՝ ձգում էր իր արմատները, փորձելով հասնել երկրի արգանդին, և իսպառ չորացնել այն: Բացի արմատներից՝ որոնցով սնվում էր, նա նաև ուներ մի հսկա երախ, որը ժամանակ առ ժամանակ արյունով էր ներկվում՝ մեղմելու համար նրա ծարավը, և հովացնելու սիրտը: Ծառի համար արմատներից ոչ պակաս կարևոր էին ճյուղերը: Երբ նրա միջի մաղձը չափազանց շատ էր արտադրվում և աչքերի տակի սևությունը ավելի էր արտահայտվում, նա իր հավատարիմ ճյուղերի միջոցով դառը խեժ էր կաթեցնում, և վայ նրան, ով այդ պահին հանկարծ կհայտնվեր ճյուղերի տակ: Հենց դա էր պատճառը, որ բոլորը շրջանցում էին այդ երկիրը՝ դրանով իսկ հնարավորություն տալով ծառին՝ ազատորեն անել իր սև գործը: Չնայած, որ ծառը խլել էր այդ երկրի գրեթե ողջ կենսական ուժը, այնուամենայնիվ, այն շարունակում էր գաճաճ մնալ և սա ունի իր բացատրությունը . այդ ծառը հողի տակ տասնապատիկ անգամ ավելի մեծ էր, քան հողի վրա էր երևում: Երկիրը ամբողջովին իրենը դարձնելու համար, ժամանակ առ ժամանակ այս ծառը թունավոր սերմեր էր գցում հողի մեջ և նրանք ևս դառնալով ծառեր, լծվում էին այդ երկրի ընդերքը քամելու գործին: Այս ծառի մահաբեր խեժը՝ ճառագայթման նման, սնունդ էր ծառայում միայն առնետի համար: Մեկ անգամ խեժը փորձելուց հետո,այս առնետը հմայվածի նման կպել էր ծառին և պոկ չէր գալիս: Ամբողջ օրը պտտվում էր շուրջը, քսմսվում ու լիզում էր գաճաճ ծառի բույնը: Հոգեվարքի մեջ գտնվող այդ երկրի վրա դեռևս կենդանի մնացած փոքրաթիվ բույսեր էլ կային, որոնք թունավոր ծառի մահաբեր ազդեցությունից խուսափելու համար, իրենց սերմերը ստիպված նետում էին ուժեղ քամիների բերանը, որ նրանք տանեն երկրից դուրս և այդ սերմերը գոնե դրսում կարողանային կյանք առնել և իրենց տեսակը շարունակել: Առավել համառ բույսերը, փորձում էին համախմբվել և պայքարել մահաբեր ծառի դեմ: Մի օր էլ նրանք ժողով արեցին և հանգեցին այն եզրակացությանը, որ երկիրը վերջնական անապատացումից փրկելու համար միակ ելքը այդ գաճաճ ծառը քոքից կտրելն է: Կացնի գլուխը կար, բայց կոթ չկար: Եվ քանի-որ այդ երկրի վրայի բոլոր ծառերը՝ բացի մեկից, գաճաճի թունավոր սերմերից էին ծնունդ առել և նրա հետ ծծում էին երկրի սնունդը՝ միամտություն կլիներ կարծել, որ այդ ծառերից որևէ մեկի ճյուղը որպես կոթ կծառայի իրենց իսկ ապագա դահճի՝ կացնի համար: Այդ իսկ պատճառով, բույսերը որոշեցին դիմել երկրի այն միակ ողջ մնացած ծառին, որը որևէ կապ չուներ մահաբեր գաճաճի հետ: Միայնակ հսկա կաղնին գտնվում էր երկրի ծայրամասում: Մահաբեր ծառը գիտեր նրա գոյության մասին, բայց չէր չորացրել, քանի-որ այն իրեն չէր խանգարում, նույնիսկ զվարճալի էր թվում: Երբ հուսահատ բույսերը խախտեցին կաղնու միայնությունը և ասացին, որ երկրի փրկության հարցում իր օգնության կարիքն ունեն, կաղնին իրեն կարևորված զգաց և ուրախությամբ համաձայնեց նրանց օգնել: Բայց ամեն ինչ այդքան էլ հեշտ չէր: Կաղնու համար դժվար էր բաժանվել իր որևէ ճյուղից: Մինչ նա մտածում էր, թե ո՞ր ճյուղը կտրի, որ շատ չցավի, այս մասին լուրը հասավ գաճաճ ծառին: Նրա աչքերի տակի փոսերը միանգամից սաթի պես սև դարձան, բոլոր ճյուղերից սկսեց ծորալ այնպիսի քանակությամբ մաղձ, որ գաճաճի բնի մոտ փոքրիկ լճակ գոյացավ: Գաճաճը կանչեց իր հավատարիմ ծառա առնետին և պատմեց իրեն սպառնացող վտանգի մասին: «Եթե չլինի գաճաճը, ես կզրկվեմ այդքան բաղձալի խեժից»,-մտածեց առնետը և հասնելով հսկա կաղնուն՝ գազանային կատաղությամբ հարձակվեց ու սկսեց կրծել նրան սնուցող արմատները: Բույսերը հավաքվել էին չորացած կաղնու շուրջը: Նրանք մտորում էին իրենց հետագա անելիքների մասին: Կաղնին այլևս չէր օգնի: Գաճաճից ազատվելու մի տարբերակ էր մնում միայն: Քանի-որ երկրում այլևս չկար մի ծառ, որը թունավոր չլիներ, բույսերը ստիպված էին փնտրել այդքան անհրաժեշտ կացնի պոչը՝ երկրից դուրս: Իսկ մինչ այդ, գաճաճ ծառը իր մահաբեր արմատները քաղցկեղի արագությամբ տարածում էր երկրով մեկ, չորացնելով այն ամենը, ինչ կպատահեր ճանապարհին:

Մարինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Գաճաճ ծառը (պատմվածք)"

Leave a comment

Your email address will not be published.


*