Գերմանիայի պատասխանատվությունից ենք խոսում, և ոչ ոք դա չի կարող արգելել, անգամ՝ Էրդողանը. Ջեմ Օզդեմիր

Գերմանիայի խորհրդարանի կողմից հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո մահվան սպառնալիքներ ստացած Կանաչների կուսակցության՝ թուրքական արմատներով համանախագահ Ջեմ Օզդեմիրը հայտարարել է, որ իրենք խոսում են Գերմանիայի պատասխանատվության մասին, և դա ոչ ոք արգելել չի կարող։

Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման հարցում մեծ ներդրում ունեցած Ջեմ Օզդեմիրը գերմանական Առաջին ալիքի եթերում խոսել է իր ստացած սպառնալիքների մասին, գրում է «Ակօս»-ը։

«Ցավոք, բոլոր ազգերի մեջ էլ ծայրահեղականներ կան, սակայն կարևորը նրանց առաջ չընկրկելն է»,-ասել է Օզդեմիրը։

«Զայրույթով կամ անպատկառ հայտարարություններ անողները որոշման տեքստը չեն կարդացել և ինձ էլ չեն լսել։ Մենք Գերմանիայի պատասխանատվությունից ենք խոսում, ոչ ոք դա արգելել չի կարող՝ անգամ Թուրքիայի նախագահը»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո թուրքական արմատներով պատգամավորների դեմ սպառնալիքներն ավելացել էին, ինչից հետո ոստիկանությունը նրանց թիկնազոր էր տրամադրել։

Օզդեմիրը պատմել է, որ իր գործունեության ընթացքում իրեն երկրորդ անգամ են թիկնապահ տրամադրում. երկու դեպքն էլ Թուրքիայի հետ է կապված եղել։

Նա նշել է, որ երկրի նախագահի մակարդակով կազմակերպված արշավի թիրախ դառնալն իր համար նորություն էր։

«Որպես քաղաքական գործիչ՝ առաջին անգամը չէ, որ նման բան եմ տեսնում, բայց եթե հետևանքներին չեմ դիմանալու, ինչո՞ւ մասնակցեի։ Իմ առօրյա կյանքը նախկինի պես շարունակվում է։ Միակ տարբերությունն այն է, որ տարբեր տեղեր այցելելիս այժմ ավելի մեծ խմբով եմ գնում։ Ամենահետաքրքիրն այն է, որ կյանքումս երկու անգամ եմ թիկնապահ ունեցել, երկուսն էլ՝ թուրքերի պատճառով։ Առաջինը՝ երբ առաջին անգամ պատգամավոր էի ընտրվել, 1994 թվականից հետո էր։ Ձեր կարծիքով՝ դա անտրամաբանական չէ՞ Թուրքիայից դուրս քաղաքականություն ծավալող գերմանացի գործչի համար»,-ասել է նա։

artsakhpress.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Գերմանիայի պատասխանատվությունից ենք խոսում, և ոչ ոք դա չի կարող արգելել, անգամ՝ Էրդողանը. Ջեմ Օզդեմիր"

Leave a comment

Your email address will not be published.


*