Գիշերն առաջնագծում պահպանվել է հարաբերական կայուն վիճակը, մարտական գործողությունները դադարեցնելու միջազգային հանրության կոչերից հետո գիշերը համեմատաբար հանգիստ է անցել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ առաջնագծում հարաբերական կայուն վիճակը պահպանվել է։
«Սիրելի ՛ հայրենակիցներ
Անցած գիշեր առաջնագծում, ընդհանուր առմամբ, պահպանվել է հարաբերական կայուն վիճակը: Պաշտպանության բանակը շարունակում է փայլուն և արհեստավարժ կերպով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը:
Պատերազմական իրավիճակին հատուկ պայմաններում արդյունավետ են գործում նաև պետական կառավարման բոլոր օղակները: Թե՛ թիկունքում, թե՛ առաջնագծում բոլորը քաջ գիտակցում են իրենց անելիքները:
Ամեն ինչ գտնվում է իմ անմիջական ու լիարժեք վերահսկողության ու համակարգման ներքո:
Հաղթանակը մերն է լինելու, վստա՛հ եղեք»,-գրել է նա:
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր հերթին գրել է, որ ԼՂ հակամարտության գոտում մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերից հետո գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել։
«Հետագա սրացումների դեպքում ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,-գրել է նա։