Գոռում եմ

Դուք, մարդի՛կ, չափազանց շատ եք դատում, խրատում, բացատրում: Դուք խղճուկ եք: Խղճուկ եք, քանի որ ձեր չիրականացած երազանքների ու չկատարած քայլերի հիման վրա ցանկանում եք մնացածին սովորեցնել ապրելու ճիշտ տարբերակը՝ ձեր տարբերակը: Այնինչ ձեր սեփական փորձից ելնելով՝ դուք պիտի հասկանայիք, որ ձեր այդ տարբերակը սխալ է: Հնարավոր է, որ բոլոր տարբերակներն են սխալ, սակայն թո՛ղ ամեն մեկը սխալվի յուրովի:
Մարդը միշտ ենթագիտակցորեն հակված է ինքնակործանման ու ինքնաոչնչացման: Այդ դեպքում թողե՛ք, թող ամեն մեկը ինքը ընտրի իր ուզած եղանակը:
Դուք սիրում եք պարտավորեցնել մարդկանց, քանի որ ժամանակին՝ ձեր ժամանակ, դուք չկարողացաք անել այն ինչ հիմա պահանջում եք մարդկանցից ու անամոթաբար կոչում եք այդ <խորհուրդ>:
Դուք ունեք հաստատուն պատկերացում կյանքի վերաբերյալ, սակայն չգիտեք, որ ցանկացած հաստատուն դիրքորոշում սահմանափակման մի դրսևորում է. կյանքի սահմանափակման:
Դուք եսասեր եք: Նույնիսկ դիմացինին ուրախացնելիս, դուք այդ անում եք ձեր սեփական ուրախության համար: Դուք եսասեր եք նույնիսկ ձեր մտերիմների, հարազատների ու որդիների հանդեպ:
Դուք չեք հասկանում, որ երջանկության պատկերացումները հարաբերական են, ինչպես և ամեն ինչը այս կյանքում:
Դուք նախանձ եք: Ինչքան էլ ժպտաք դիմացինի երջանկությունից, մեկ է դուք ավելի շուտ կցանկանայիք, որ ձերը լիներ այդ երջանկություը:
Ամեն ինչ անում եք, որ խելացի երևաք: Որ հանրության առաջ արդարացի երևաք: Ստոր ու թշվառ հանրության…
Դուք գտնում եք, թե դուք ազատ եք: Ունեք հստակ պատկերացումներ ազատության մասին ու դա է ձեզ համար ճիշտը: Այնինչ այնքան եք կապկպել ձեզ ուրիշների կարծիքներին, որ չեք կարողանում ազատ շարժվել ձեր ճաղավանդակում, որ կոչում եք կյանք:
Դուք վախկոտ եք, մարդի՛կ: Իսկ վախկոտությունից ստորություն մեկ քայլ է: Եվ հաճախ ձեռնպահ չեք մնում այդ մեկ քայլի հարցում:
Երկրաչափականացված ձեր առուծախային մտածելակերպը ձեզ այնքան է հեռացրել գեղեցիկի ու բարու ընկալումից, որ թեթևամտորեն թուլություն եք համարում այդ տեսակ ընկալումը:
Տիկնիկնե՛ր: Ցուցամոլության ու ինքնամատուցման գործընթացը ձեզ մոտ հասել է վատագույնին, ու նողկում եմ:

Բայց ի՞նչ արած… Դուք մարդ եք: Ինչպես և ես:

Նորիկ Հերգնյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Գոռում եմ"

Leave a comment

Your email address will not be published.


*