Գրիպի և սուր շնչառական վարակների իրավիճակը ՀՀ-ում. Առողջապահության նախարարության խորհուրդները

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով եվրոպական տարածաշրջանի երկրներում 2015 թվականի 48-րդ շաբաթվա ընթացքում` նոյեմբերի 23-29-ին, գրիպով և սուր շնչառական վարակներով համաճարակային իրավիճակը համապատասխանել է տվյալ ժամանակահատվածի օրինաչափ ընթացքին:

Նույն կազմակերպության պաշտոնական տվյալներով եվրոպական 40 երկրում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում, հիվանդացության ակտիվությունը նշված հիվանդություններով գտնվում է ցածր մակարդակի վրա՝ գրիպի վիրուսների եզակի արձանագրմամբ:

Գրիպի տեսակներ և ենթատեսակներ, մասնավորապես՝ գրիպի Ա տեսակի H1N1 պանդեմիկ (խոզի գրիպ), Ա H3N2 ենթատեսակները և Բ տեսակն արձանագրվել են ինչպես գրիպի դետքային, այնպես էլ պոպուլյացիոն համաճարակաբանական հսկողության մեջ ընդգրկված բժշկական հաստատություններում, այն էլ` միայն 10 երկրում:

Նմանատիպ իրավիճակ է դիտվում նաև տարածաշրջանի երկրներում՝ Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում:

Գրիպի Ա տեսակի H1N1 պանդեմիկ ենթատեսակն (խոզի գրիպ) այսօր առավել քիչ է շրջանառում, քան 2014-2015 թվականների գրիպի սեզոնին:

Հիվանդության ծանր կլինիկական ընթացքով և վերակենդանացման բաժանմունքներում բուժման դեպքեր արձանագրվել են միայն Եվրոպայի առանձին երկրներում՝ Իռլանդիա, Իսպանիա և Միացյալ Թագավորություն (47 հոսպիտալացման դեպք, որից 37-ը՝ վերակենդանացման բաժանմունքներում): Դեպքերն արձանագրվել են 15-64 տարեկան անձանց շրջանում:

Վերջերս զանգվածային լրատվամիջոցներով տեղեկատվություն է հրապարակվել Իրանի Իսլամական Հանրապետության հարավ-արևմտյան նահանգներում  (Քերման, Սիսթան և Բելուջիսթան) գրիպի Ա տեսակի H1N1 պանդեմիկ ենթատեսակով (խոզի գրիպ) պայմանավորված համաճարակային լարված իրավիճակի մասին՝ 33 մահվան ելքով։ Իրավիճակի մասին հավաստի տեղեկություն ստանալու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը դիվանագիտական խողովակով հարցում է կատարել Իրանի Իսլամական Հանրապետություն։ Ստացված տեղեկատվությունը կտրամադրվի հանրությանը:

Հիշեցնենք, որ  Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պաշտոնապես հայտարարել է, որ գրիպի Ա տեսակի H1N1 պանդեմիկ ենթատեսակն այսօր չունի պանդեմիկ ներուժ և դեռևս 2010 թվականից այն դասվել է մարդուն բնորոշ սեզոնային գրիպի ենթատեսակների շարքին։ Հետևաբար սահմանափակող միջոցառումներ չեն պահանջվում:

Հայաստանի Հանրապետությունում գրիպով և սուր շնչառական վարակներով համաճարակային իրավիճակը համահունչ է եվրոպական տարածաշրջանում համաճարակային իրավիճակին։

Հանրապետությունում իրականացվող շաբաթական մշտադիտարկման տվյալներով  դիտվում է սուր շնչառական վարակների և գրիպի բնականոն, օրինաչափ ընթացք: Հանրապետության բժշկական կազմակերպություններում, այդ թվում` վերակենդանացման բաժանմունքներում, հետգրիպային բարդություններով հիվանդներ չեն բուժվում:

Իրականացված լաբորատոր հետազոտությունների տվյալները վկայում են, որ այսօր մեր երկրում  շրջանառում են ինչպես շնչառական վարակների հարուցիչներ՝ ռինովիրուսներ, պարագրիպ և ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ, այնպես էլ գրիպի Ա և Բ տեսակի վիրուսներ:

Հանրապետությունում առկա են  գրիպի ցանկացած տեսակի և ենթատեսակի բուժման համար նախատեսված հակավիրուսային պատրաստուկներ:

Առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է.
գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով`
— խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
— եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը,
— եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
— մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,
— հագնվե´ք եղանակին համապատասխան,
— պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
— օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
— հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
— հետևե´ք անձնական հիգիենային:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Գրիպի և սուր շնչառական վարակների իրավիճակը ՀՀ-ում. Առողջապահության նախարարության խորհուրդները"

Leave a comment

Your email address will not be published.


*