Գրիպ. Առողջապահության նախարարությունը նախազգուշացնում է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Եվրոպական տարածաշրջանի երկրներում 2015 թվականի 51-րդ շաբաթվա (14-20.12.2015թ.) ընթացքում գրիպով և սուր շնչառական վարակներով համաճարակային իրավիճակը համապատասխանում է տվյալ ժամանակահատվածի օրինաչափ ընթացքին: Նման իրավիճակ է նաև տարածաշրջանի երկրներում՝ Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում:

Հայաստանի Հանրապետությունում գրիպով և սուր շնչառական վարակներով համաճարակային իրավիճակը համահունչ է Եվրոպական տարածաշրջանի համաճարակային իրավիճակին: Դիտվում է սուր շնչառական վարակների բնականոն, օրինաչափ ընթացք՝ համաձայն հանրապետությունում իրականացվող շաբաթական մշտադիտարկման տվյալների։

2015 թվականի դեկտեմբերի 14-20-ը՝ 2459 սուր շնչառական վարակների դեպք, 2014 թվականի դեկտեմբերի 14-20-ը՝ 2421 դեպք: Նմանատիպ իրավիճակ է դիտվել նաև վերջին շաբաթների ընթացքում։

Հանրապետության բժշկական կազմակերպություններում բուժվում են թոքաբորբ և բրոնխիտ ախտորոշումներով հիվանդներ, այդ թվում՝ վիրուսային ծագման: Հիվանդների կլինիկական վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, ունեն առողջացման դրական տեղաշարժ: Վերջին օրերին հանրապետությունում արձանագրվել է վիրուսային ծագման թոքաբորբով մահվան մեկ դեպք (գրիպ Ա): Համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդը տառապել է սրտի իշեմիկ հիվանդությամբ և բժշկական օգնության է դիմել միայն հիվանդության 5-րդ օրը: Մահվան պատճառը եղել է հիվանդի հիմնական՝ սրտի իշեմիկ հիվանդությունը: Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքներով այսօր հանրապետությունում շրջանառվում են ինչպես շնչառական վարակների հարուցիչներ՝ ռինովիրուսներ, պարագրիպ և ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ, այնպես էլ` գրիպի Ա և Բ տեսակի վիրուսներ:

Հանրապետությունն ապահովված է հակավիրուսային պատրաստուկներով, որոնք նախատեսված են գրիպի ցանկացած տեսակի և ենթատեսակի բուժման համար: Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական հայտարարության համաձայն՝ այսօր գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը չունի պանդեմիկ ներուժ և դեռևս 2010 թվականից վերջինս դասվել է մարդու համար բնորոշ սեզոնային գրիպի ենթատեսակների շարքին։ Հետևաբար որևէ սահմանափակող միջոցառումներ չեն պահանջվում:

Գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով՝ Առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է.

  • խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
  • եթե հիվանդ եք, մնացե´ք տանը,
  • եթե հիվանդ եք, հրավիրե՛ք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
  • մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,
  • հագնվե´ք եղանակին համապատասխան,
  • պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
  • օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
  • հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
  • հետևե´ք անձնական հիգիենային:
Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Գրիպ. Առողջապահության նախարարությունը նախազգուշացնում է"

Leave a comment

Your email address will not be published.


*