Դատապարտյալների թիմը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը


Օգոստոսի 6-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ավարտվել է արագ շախմատի միջազգային առաջնությունը, որն անցկացվում էր շախմատային հզոր երկրների՝ Բրազիլիայի, ՌԴ-ի, Անգլիայի, ԱՄՆ, Իտալիայի, Բելառուսի, Հայաստանի քրեակատարողական հիմնարկների ուժեղագույն շախմատիստ դատապարտյալների միջև: 

Օոստոսի 5-ին «Արթիկ», «Արմավիր» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների լավագույն խաղացող 4 դատապարտյալներից կազմված Հայաստանի թիմն առաջին փուլում ուժերը չափել էր Ռուսաստանի Դաշնության, Բրազիլիայի և Անգլիայի դատապարտյալների հետ՝ արժանի հաղթանակ տանելով Բրազիլիայի և Անգլիայի թիմերի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը, արագ շախմատի մրցաշարի եզրափակիչ փուլում հայ դատապարտյալների թիմը 3:1 հաշվով պարտվել է Իտալիայի հավաքականին, սակայն ոչ-ոքի խաղալով ԱՄՆ-ի հավաքականի հետ, 2,5-1,5 հաշվով հաղթելով Բելառուսի հավաքականին՝ առաջնությունում գրավել է 4-րդ հորիզոնականը:

Առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար գրավել են ՌԴ-ի, Բելառուսի և Իտալիայի թիմերը, ԱՄՆ-ի թիմը 5-րդ հորիզոնականում է, Բրազիլիայինը՝ 6-րդ, մրցաշարային աղյուսակը եզրափակել է Անգլիայի թիմը՝ հայտնվելով 7-րդ հորիզոնականում:

Միջազգային կարգի մրցավար Նորայր Քալանթարյանը, որը մշտապես ներկա է եղել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվող շախմատային խաղերին և նախապատրաստել հայ դատապարտյալներին միջազգային առաջնությանը, նշել է, որ մեր մարզիկները բավական պատրաստված էին, նպատակասլաց, և շախմատային նման հզոր երկրների հետ խաղում, ինչպիսիք էին մասնակից երկրները, 4-րդ հորիզոնական գրավելը խոստումնալից է և պատվաբեր:

Մրցաշարին հետևում էր նաև Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Մանուկյանը, որը խաղի ավարտին Հայաստանի հավաքականի անդամներ Գոռ Աջամյանին, Հակոբ Աբաջյանին, Ժորա Նադարյանին և Վալերի Թումասյանին նվիրել է հայ անվանի շախմատիստ, աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հեղինակած «Գահերի խաղը» գիրքը, իսկ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից մասնակիցները կխրախուսվեն պատվոգրերով:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Դատապարտյալների թիմը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը"

Leave a comment

Your email address will not be published.


*