Դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց ՀԾԿՀ անդամ Մուշեղ Կոշեցյանին կալանավորելու միջնորդությունը. նա կկալանավորվի երկու ամսով. պաշտպան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, երեկ բավարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մուշեղ Կոշեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Կոշեցյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը։

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն Կոշեցյանին օգոստոսի 6-ի առավոտյան հրավիրել էր հարցաքննության՝ կասկածյալի կարգավիճակով, ժամը 09։00-ին նա ներկայացել է և 09։11-ին՝ ձերբակալվել։

Պաշտպանը հիշեցրեց, որ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահելը:

«Փաստացի նա մեղադրվում է հանձնաժողովի կազմում որևէ որոշման համար կողմ քվեարկելու մեջ, այսինքն` նա իր կարծիքը, որոշումը հայտնելու հնարավորություն չուներ: Այս մեղադրանքի առումով որևէ փաստ չի ներկայացվում, որ այդ դիրքորոշումը կապված է եղել ինչ-որ մեկի խնդրանքի կամ պարտադրանքի հետ, ստացվում է` սուբյեկտիվ կողմի տարրը բացակայում է»,-ներկայացրեց նա:

«Կալանավորման որոշումն ակնհայտ ապօրինի է, և պատահական չէր հենց Երևանի դատարանի Կենտրոնի նստավայրի հերթապահության օրը միջնորդություն ներկայացնելն ու միջնորդության քննությունը դատավոր Մնացական Մարտիրոսյանին մակագրելը։ Արդեն պարզ էր, թե ինչ է լինելու, որովհետև Մնացական Մարտիրոսյանից այլ բան սպասել պետք չէր, և արդար որոշում լսել հնարավոր չէր»,-ասաց պաշտպանը:

Ըստ նրա՝ քաղաքական ածանցում է անում դատարանը, մարդկանց անուններ է մեջբերում և իրականացնում ապօրինի քրեական հետապնդում: «Նյութերին ամբողջությամբ ծանոթացել եմ, ոչ մի փաստ չկա իր դեմ, ոչ մի հանգամանք չկա մեղադրանքի հիմնավորման առնչությամբ: Նշեմ նաև դատարանի պարադոքսը՝ ձերբակալման որոշումը ճանաչվել է ոչ իրավաչափ, բայց քննիչի միջնորդությունը բավարարվել է և կալանավորվել: Կալանավորումը երկու ամսով է»:

Պաշտպանը հետագա քայլերի մասով նշեց, որ դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք կներկայացնի և իրավական բոլոր գործիքակազմով պետք է պայքարի:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց ՀԾԿՀ անդամ Մուշեղ Կոշեցյանին կալանավորելու միջնորդությունը. նա կկալանավորվի երկու ամսով. պաշտպան"

Leave a comment

Your email address will not be published.


*