Դատարկություն

Նստած եմ անշարժ ու նայում եմ առաստաղի ինչ-որ կետին: Անցավ մի ժամ: Ոչինչ չի փոխվում: Կրկնվում է ժամն այդ խորհրդավոր.նորից լուռ անշարժություն: Երրորդ ժամն էլ անցավ: Անթարթ է հայացքս ու ոչինչ չասող… Զարմացած է ժամանակը: Գալիս է, փութկոտ անցնում իմ կողքով, իսկ ես նրան նույնիսկ չեմ էլ նկատում, այնինչ շուրջբոլորս մարդիկ քաոսային իրարանցման մեջ են, կարծես ժամանակի հերթի համար կռիվ են տալիս, փորձում շահել մի ավել րոպե, օգտագործել վայրկյանն անգամ շահավետ: Իսկ ե՞ս… ի՞նչ եմ անում ես…
— Ձեռնո՞ց ես նետում դու ժամանակին,- բարկացած հարցնում է ներսիցս մի ձայն:
— Չէ, ձեռնոց չեմ նետում, պարզապես զիջում եմ… ինչի՞ս է պետք ժամանակն այդ, երբ դատարկ է հոգիս, երբ չեմ զգում ոչինչ, երբ սիրտս ասես սառել է, հոգիս` դատարկվել, իսկ էությունս հօդս է ցնդել, չքվել է անհետ… Ժամանակո՞վ լցնեմ դատարկությունն այդ անեզր: Անօգուտ է ու անիմաստ: Միևնույն է, չեմ զգում ոչինչ, հասկանու՞մ եք, ոչինչ չեմ ուզում կյանքից այս անգութ` ոչ հարստություն, ոչ կարեկցանք, ոչ էլ ժամանակ: Ուզում եմ սոսկ մաքուր մարդկություն, մարդկային պարզություն ու բարություն, ուզում եմ, որ վերստին լցվի դատարկությունը հոգուս, հալչի սառույցը սրտիս, ու վերագտնեմ էությունը իմ` բարության մեջ մարդկանց: Այդ է ուզածս, ոչինչ ավելի…
Բայց, ավա~ղ, երևի խնդրանքս մեծ է, և կամ անհնար, քանզի դատարկ է հոգիս դեռ, իսկ ես դեռ նստած իմ նույն տեղում`չեմ շտապում շարժվել, գնալ, առուծախ անել, շորթել և կամ կեղծ բարերար լինել: Ու ասե՞մ ինչու . չար է աշխարհն այս, իսկ չարությունը դատարկություն է, փուչ, ունայն մի երևույթ է դա, որ միամիտ ադամորդիներին տանում է դեպի անդունդը կործանման: Իսկ ես չեմ շտապում կործանվել անդունդում այդ զազրելի: Եվ ժամանակն էլ բնավ թող չզարմանա: Ի՞նչ է այն` ընդամենը կատարածուն այդ կործանման:
Բայց ես նրան ձեռնոց չեմ նետում, պարզապես հոգիս է դատարկ…

Անահիտ Հակոբյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Դատարկություն"

Leave a comment

Your email address will not be published.


*