Դեկտեմբերի 25-26-ին տաք օդային հոսանքների բուռն ներհոսքի շնորհիվ ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա 13-15 աստիճանով. Գ. Սուրենյան

Հայաստանին մոտենում է Միջերկրական ծովի շրջաններում ձևավորված ցիկլոն, օդի ջերմաստիճանը մինչև դեկտեմբերի 24-ը էապես չի փոխվի, իսկ 25-26-ին հարավային տաք օդային հոսանքների բուռն ներհոսքը և ամպամածությունը կնպաստեն, որ օդի ջերմաստիճանը գիշերները հանրապետության բոլոր մարզերում բարձրանա 13-15, ցերեկը 6-8 աստիճանով:

Այս մասին  հայտնեց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության ղեկավարի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Դեկտեմբերի 24-ի ցերեկը հատկապես Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արմավիրում կտեղա թույլ ձյուն: Դեկտեմբերի 25-ին կեսօրից հետո և 26-ին հանրապետության ողջ տարածքը կգտնվի այդ ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում բոլոր մարզերում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն»,-մանրամասնեց Սուրենյանը:

Սակայն այսօր և վաղը առանց տեղումների եղանակը և ցածր ջերմային ֆոնը կպահպանվի:

Նա անդրադարձավ նաև վերջին 7 օրերին հանրապետությունում հաստատված անոմալ ցրտերին։

«Օդի ջերմաստիճանը ցածր էր նորմայից 10-15 աստիճանով: Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է Շիրակի մարզի Պաղակն հատվածում, որն Արփի լճի հատվածում է, որտեղ հասել էր մինչև -37աստիճանի, երկրորդը Աշոցքն է՝ -33 աստիճան, Արարատյան դաշտում և Երևանի ցածրադիր գոտում՝ -22 աստիճան»,-նախկին մի քանի օրերի եղանակը ներկայացրեց օդերևութաբանը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Դեկտեմբերի 25-26-ին տաք օդային հոսանքների բուռն ներհոսքի շնորհիվ ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա 13-15 աստիճանով. Գ. Սուրենյան"

Leave a comment

Your email address will not be published.


*