Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները ուղերձներ են փոխանակել

Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները ուղերձներ են փոխանակել,-հաղորդում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը:

Հաղորդագրության համաձայն՝ նախարար Նալբանդյանն իր ուղերձում նշել է, որ Հայաստանն ու Իրանը կապված են բազմաթիվ թելերով և որ դա նախ և առաջ հազարամյակների պատմություն ունեցող հարաբերություններն են, խոր հարգանքը երկու ժողովուրդների միջև, հոգածությունը միմյանց մշակույթի նկատմամբ և այս հարուստ հիմքի վրա խարսխված բարիդրացիական փոխգործակցությունը: Հայաստանի արտգործնախարարը շեշտում է, որ բոլոր հիմքերը կան՝ վստահորեն ասելու, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր բարեկամ երկրների միջև փոխգործակցությունն առավել կամրապնդվի և կխորանա՝ ի շահ երկու հարևան ժողովուրդների բարօրության: Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատում Մոհամմադ Ջավադ Զարիֆի անձնական ավանդը երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացման գործում՝ շնորհավորելով այս կարևոր իրադարձության կապակցությամբ և մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն էլ իր ուղերձում գոհունակությամբ նշել է, որ այս տարիների ընթացքում երկու երկրների ղեկավարների կամքի ու կառավարման շնորհիվ մեր պետությունների միջև հարաբերությունները զարգացել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում: Իրանի արտգործնախարարը հավելում է, որ կասկածից վեր է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանհինգերորդ տարեդարձի շեմին ԻԻՀ Նախագահ Հասան Ռոհանիի՝ ՀՀ այցելությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու առաջ մղմանն ուղղված հերթական քայլ է: Շնորհավորելով Հայաստանի ԱԳ նախարարին, կառավարությանը և հայ ժողովրդին՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ՝ Իրանի ԱԳ նախարարը մաղթում է Հայաստանի արտգործնախարարին քաջ առողջություն և հաջողություն, Հայաստանի ժողովրդին՝ բարեկեցություն և երջանկություն:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները ուղերձներ են փոխանակել"

Leave a comment

Your email address will not be published.


*