‹‹Ես վստահում եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության որոշմանը››. Ս. Գալստյան

‹‹Ես կողմնակից եմ, վստահում եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության որոշմանը, քանի որ շատ գրագետ և շատ ավելի խելացի մարդիկ կարդացել, գրել են՝ դրանով արդեն ամեն ինչ ասված է,- մեզ հետ զրույցում` անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին` ասաց Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի ղեկավար Սամվել Գալստյանը:

Ընդհանուր առմամբ,  ըստ համայնքապետի, քվեարկությունն իրենց մոտ անցել է նորմալ, խաղաղ, հանգիստ, գերակշռել է ‹‹այո››-ն. ‹‹Մարդիկ  շատ ակտիվ և հետաքրքրված էին, որն էլ արդյունք է նաև ԶԼՄ-ների մեծ  դերակատարման՝  Սահմանադրական փոփոխությունների մասով մարդկանց տեղեկացվածության առումով››:

Մոտավորապես 3000 բնակչություն ունեցող Ջրառատում մարդիկ հիմնականում զբաղված են հողագործությամբ, շատ քիչ նաև անասնապահությամբ՝ արոտավայր չունենալու պատճառով, որն էլ իր հերթին հետևանք է ոռոգման ջրի խնդիր ունենալուն: Ցավալիորեն գյուղի վիճակն այս առումով չի համապատասխանում իր անվանմանը: Անդրադառնալով այս և այլ խնդիրներին, ինչպես նաև արդեն իսկ կատարված փոփոխություններին, լուծված հարցերին՝ համայնքի ղեկավարն ասաց. ‹‹Մեր վերջին զրույցից անցել է արդեն մեկ տարի. եթե ասեմ այս ընթացքում որևէ բան փոխվել է, որ ակնհայտ է, ճիշտ չի լինի, բայց մի բան վստահ կարող եմ ասել՝ փոխվել է  ժողովրդի վստահությունը խոսքի հանդեպ, որովհետև միայն խոստումներ լսելուց զատ նաև շոշափելի արդյունքներ են տեսնում: Հաստատվել է մի խնդիր, և ես, որպես համայնքի ղեկավար, վստահ եմ, որ արդեն եկող տարվա սկզբին կունենանք ասֆալտապատման կատարված աշխատանքներ: Սա արդեն հաստատվել է, վստահում եմ մարզպետին, ով խոսք է տվել, որ անպայման այդ խնդրին լուծում կտրվի:

Մեկ տարի առաջ մեր զրույցի շրջանակներում խոսել էինք այն մասին, որ ոռոգման ցանցի հետ կապված աշխատանքներ են տարվում. հիմա ոռոգման ցանցը հասցրել ենք այն աստիճանի, որ իրականացվող ծրագրերի արդյունքում մի քանի տարվա ընթացքում, չեմ ասի վաղը, որովհետև ինքս ինձ խաբած չեմ ուզում լինել, քանզի չեմ սիրում խոստանալ անհնարինը, ոռոգման ջրի խնդիրն էլ լուծված կլինի: Խմելու ջրի հետ կապված ցավոք սրտի, մի քիչ խնդիրներ ունենք, քանի որ Արարատյան դաշտում խորքային հորերի հետ կապված բոլոր տեղերում էլ ջրի սակավություն կար, մենք համայնքով որոշեցինք և տեղադրեցինք պոմպակայաններ խորքային հորերի վրա և այսօր այնտեղից ջուրը մղվում է դեպի մարդկանց բնակարանները՝ մի կերպ լուծում տալով հարցին:  Խնդիրները մեր համայնքով կարողանում ենք լուծել, որովհետև վերոնշյալ պոմպերով ջուր մատակարարելը հիմնականում հենց եղել է համայնքի բնակիչների նախաձեռնությամբ: Դա էլ իր քաղցրությունն ունի:

Ունենք հոսանքնալարերի հետ կապված լուրջ պրոբլեմներ. դրանք շատ հին են և թեթև քամուց նույնիսկ եղել է, որ գյուղ մի քանի օր շարունակ զրկված է եղել էլեկտրականությունից: Սա գերագույն խնդիր է, և ինքներդ էլ հասկանում եք, որ մեծ ֆինանասների հետ է կապված, միայն մեր ուժերով չենք կարող որևէ բան անել: Բազմիցս այս հարցով դիմել ենք համապատասխան բարձր ատյաններ…հույսով սպասում ենք որևէ աջակցության:

Կենտրոնական փողոցները լուսավորված են մինչև գիշերվա ժամը 11-12-ը, առավոտյան ժամերին մի փոքր հատվածի լուսավորությունը միացնում ենք՝ ուսանողների և աշխատանքի գնացողների համար, իսկ տոն օրերին գիշերները լույսերը պարտադիր միացրած ենք թողնում:

Աղբահանությունն իրականացնում ենք շաբաթական երկու անգամ:

Տրանսպորտի հետ կապված բարդություններ կան , որովհետև ճանապարհների հետ խնդիր ունենք, որն էլ իր հերթին  դժվարություններ է ստեղծում տրանսպորտի համար:

Դպրոցում փուլերով կատարվել և այժմ էլ կատարվում են վերանորոգման աշխատանքներ, Փոխվել է նաև դպրոցական կահույքը: Ջեռուցման խնդիրը ևս լուծված է: Մանկապարտեզը բարվոք վիճակում է, նախաձեռնած են մի քանի փոքր խնդիրների վերացման հետ կապված աշխատանքներ, որոնք այժմ  լուծման փուլում են:

Սերունդների հերթափոխությունն ընթանում է նորմալ, միայն արտագաղթի տեմպերն են մի փոքր ավելացել, որին բոլորս ամեն օր և ամենուր ականատես ենք: Սակայն միայն գնալով չէ, հակառակ պրոցեսն էլ է  լինում, որն, այսպես ասած, բալանսավորում է բնակչության վիճակը:  Ես հպարտությամն եմ նշում, որ մի քանի տարի առաջ գյուղում տուն վաճառող կար, բայց գնող չկար, իսկ այսօր հակառակն է. Երևանից, հարևան համայնքներից մարդիկ այստեղ տներ են գնել, բնակվում են՝ ակտիվորեն մասնակցելով ներհամայնքային կյանքին: Նաև ունենք մարդիկ, ովքեր երբեք և ոչ մի դեպքում այստեղից չեն ուզում հեռանալ: Մեզ մոտ համերաշխությունն է տիրում՝ երիտասարդների և մեծերի կոնկրետացված գերակարծություն չկա, նրանք համատեղ են… միշտ մեկը մյուսից խորհուրդներ հարցնելով, միասին, այսպես ասած, ‹‹համագործակցելով››  նպաստում են Ջրառատի բնականոն և արդյունավետ զարգացմանը:

Երիտասարդների համար ժամանցային վայր շատ կուզենայինք ունենալ: Արդեն նախատեսված տեղեր ունենք այգիների և ժամանցային վայերի համար: Գյուղի այգու ծառերը կտրել ենք, այժմ նոր տնկիներ դնելու փուլում ենք: Համայնքում նաև տարածք ունենք, որտեղ ևս ծառեր ենք տնկել՝ մեծանալու հետ մեկտեղ անմիջապես կմտածենք այն ժամանցի վայր դարձնելու մասին: Այդ ուղղությամբ աշխատում ենք ամեն օր: Խաղասրահներ ենք փորձել կառուցել՝ գյուղի երիտասարդների առաջարկներով և նախընտրությամբ: Բայց ծրագրերի հետ մեկտեղ՝ Մշակույթի տանը կան ժամանցի համար նախատեսված սենյակներ ՝ մեծահասակների և երիտասարդների համար առանձին: Շատ ժամանակ ես էլ եմ օգտվում՝ նարդի եմ խաղում թե՛ երիտասարդների և թե՛ մեծերի հետ: Մշակույթի տանը ահագին գործեր արեցինք՝ պատուհանները փոխեցինք, հիմա էլ ուզում ենք հանդիսությունների սրահ կառուցենք, որն արդեն ընթացքի մեջ է, և ամենայն հավանականությամբ, մյուս տարի մինչ օգոտոս ամիսն արդեն ավարտած կլինենք››:

Այն հարցին, թե հոգսաշատ և բազմաթիվ խնդիրներ ունեցող գյուղին բարձրաստիճան պաշտոնյաներից օգնության ձեռք մեկնողներ կան արդյոք կամ գուցե նախկին շրջանավարտները՝ պարոն Գայաստյանը պատասխանեց. ‹‹Մեր համայնքի կողքին միշտ կանգնած է գեներալ Երանոսյանը: Այսքան ժամանակ չի եղել մեկը, որ գեներալին որևէ հարցով մոտենա և աջակցություն չստանա: Մեր հարգարժան մարզպետն է խոստում տվել ասֆալտապատման հետ կապված  և չեմ կասկածում, որ կիրականացնի:

Միանշանակ կան շատ շրջանավարտներ, ովքեր շարունակել են իրենց ուսումը տարբեր բուհերում՝ հետագայում աշխատանքի անցնելով պետական տարբեր մարմիններում, բանկային համակարգերում՝ ամեն կերպ աջակցելով հայրենի բնակավայրին: Փառք Աստծո, շատ տեղեր եմ դիմել համայնքի բնակիչների համար և ոչ մի խնդիր չի եղել, որի համար շատ շնորհակալ եմ››:

Այսքան հոգսերի հետ համայնքի ղեկավարն առանձնացրեց երկու գերխնդիր ասֆալտապատումը և ոռոգման ջրի հարցերը, որոնց լուծմամբ կունենան իրենց երազած Ջրառատը՝ լիովին համապատասխան իր անվանը:

‹‹Մենք դիմավորում ենք 2016թ.-ը.  փակելով 2015-ը՝ թողնենք այն անցյալում՝ իր թերություններով և վատ կողմերով ՝ չմոռանալով նաև ձեռքբերումների մասին ու դրանց հետ մեկտեղ մտնենք նոր տարի՝ նոր հույսերով, նպատակներով ու  հստակ ակնկալիքներով: Իմ համայնքին ու ողջ հայությանը առողջություն եմ ցանկանում, ամենակարևորը՝ խաղաղություն լինի, սահմաններն էլ ամուր և անսասան մնան››,— ամանորյա անկեղծ ցանկությամբ ավարտեց մեզ հետ զրույցը Ջրառատ համայնքի ղեկավար Սամվել Գալստյանը:

Զրուցեց՝ Մերի Եղիազարյանը

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "‹‹Ես վստահում եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության որոշմանը››. Ս. Գալստյան"

Leave a comment

Your email address will not be published.


*