ԱրժեքներԳլխավոր

Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը՝ երկրի անվտանգության ու զարգացման երաշխավոր

5kviews

ՀՀ ԳԱԱ Ա.Նազարովի անվ. Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը հիմնադրվել է 1961թ.-ին: Այն մեծ ճանաչում է ունեցել ԽՍՀՄ-ում՝ համարվելով եզակի ինստիտուտներից, որ Կարմիր դրոշի շքանշանակիր է եղել: Հատկանշական է, որ այսօր ինստիտուտը գտնվելով Գյումրիում՝ ակադեմիական հիմնարկներից բավականին հեռու՝ բեղուն գործունեություն է իրականացնում՝ իր ավանդն ու ներդրումն ունենալով մեր երկրի զարգացման, հզորացման ու, ամենակարևորն, անվտանգության գործում:

Իսկ թե ինչ գործունեությամբ է զբաղվում ինստիտուտն այսօր, գիտական ինչ ուղղություններ ունի, ինչ արդյունքներ ու հաջողություններ է գրանցել՝ մեզ հետ զրույցում պատմում է ՀՀ ԳԱԱ ԵԻՍԻ տնօրեն Ջոն Կարապետյանը. ‹‹Մինչ բուն զրույցին անցնելն ուզում եմ առաջնահերթ նշել, որ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի շնորհիվ այսօր ունենք նոր շենք, որն ապահովված է գույքով, սարքավորումներով, դահլիճով, կոնֆերենս դահլիճով՝ նպաստելով էլ ավելի արդյունավետ գիտական գործունեությանը:

Վերադառնալով գործունեությանն ասեմ, որ ՀՀ ԳԱԱ Ա.Նազարովի անվ. Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի գիտական հիմնական ուղղություններն են՝ երկրաֆիզիկա, ինժեներային սեյսմաբանություն, սեյսմակայուն շինարարություն, երկրաշարժերի կանխագուշակում և երկրաֆիզիկական սարքաշինություն, ինչպես նաև՝ ամեն բաժնում ակտիվորեն գործում են առանձին լաբորատորիաներ:

Շատ եմ կարևորում նաև այն հանգամանքը, որ ինստիտուտի ներքո գործում է փորձակոնստրուկտորական բյուրո, միկրոէլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ, արտադրամաս, այսինքն՝ այս ամենի շնորհիվ բաժնում իրականացվում, մշակվում, զրոյից պատրաստվում են տարաբնույթ սեյսմիկ սարքավորումներ, որոնք կիրառվում են խոշոր բնակավայրերի, տարածքների, ռազմավարական նշանակության կառույցների սեյսմիկ վտանգավորության գնահատման, հնարավոր երկրաշարժերի օջախային գոտիներում օպերատիվ դիտարկումների կազմակերպման, սեյսմիկ կայանների ստեղծման, սողանքային երևույթների ուսումնասիրման գործում: Շատ կարևոր հիմնախնդիր է, որ Հայաստանն ունենա հագեցած սեյսմիկ ցանց՝ հայկական արտադրության սեյսմիկ սարքավորումներով: Մեր ինստիտուտը նախագծում, պատրաստում և արտադրում է սեյսմիկ տվիչներ, որոնք օգտագործվում են շենքերի և շինությունների խոցելիության աստիճանի որոշման նպատակով, այսինքն՝ անկախ երկրաշարժի տեղի ունենալուց՝ կարող ենք որոշել տվյալ շենքի խոցելի մասերը՝ այսպես ասած, մեր կողմից արտադրված սարքավորումների միջոցով ախտորոշել շենքի տեխնիկական վիճակը:10403146_831141690286487_3662968532859635785_n

Նաև ունենք սարքավորումներ, որոնք կիրառվում են ռազմավարական նշանակության կառույցների (ԱԷԿ, ՀԷԿ, ջրամբարներ, թունելներ, բարձրահարկ շենքեր և այլն) սեյսմիկ մոնիտորինգ իրականացնելու համար: Բոլորս էլ լավ գիտենք, որ մեր հանրապետությունում գտնվող նմանատիպ կառույցների տեխնիկական վիճակի պարբերաբար գնահատումը հանդիսանում է հույժ կարևոր խնդիր և կապված է մարդկանց կյանքի ապահովության հետ:

Հանրապետությունում մի քանի հիդրոտեխնիկական կառույցների վրա ևս տեղադրված է մեր սարքավորումների ցանցը: Պետք է հպարտությամբ նկատեմ, որ այդ սարքավորումները նույնիսկ Սիրիայում են կիրառվել: Հանրապետության տարբեր մարզերում, մասնավորապես Երևանում կան շենքեր՝ խորհրդային տարիներին կառուցված, որոնք անհրաժեշտ է դասակարգել՝ ըստ իրենց խոցելիության աստիճանի: Մեր նախագծած սարքավորումները հնարավորություն են տալիս օպերատիվ գնահատել շենքի խոցելիության աստիճանը և արդյունքում ընդհանուր գնահատական տալ շենքի տեխնիկական վիճակի մասին: Բացի դրանից՝ ունենք նաև հորատանցքային սեյսմոմետր, որն օգտագործվում է համեմատաբար խորքային ուսումնասիրությունների համար:

%d0%bd%d0%be%d0%b2%d1%8b%d0%b9-%d0%ba%d0%be%d0%bb%d0%bb%d0%b0%d0%b6

Ասեմ նաև, որ ինստիտուտում գործում է մագիստրատուրա՝ ‹‹Սեյսմաբանություն և սեյսմակայուն շինարարություն›› մասնագիտությամբ, ասպիրանտուրա՝ ‹‹Երկրաֆիզիկա, օգտակար հանածոների որոնման մեթոդներ››, ‹‹Շինարարություն›› մասնագիտություններով: Նշեմ, թե ինչու հատկապես սեյսմաբաններ, սեյսմակայուն շինարարության մասնագետներ, քանզի նշված ուղղությունները համարվում են գերակա ուղղություններ, որոնք հենց զարգացնում ենք մեր ինստիտուտում:

Կատարում ենք նաև աշխատանքներ, դրանք են՝ ջրամբարների պատվարների տարածքների սեյսմիկ վտանգի գնահատում, շենքերի և կառուցվածքների տեխնիկական վիճակի հետազննություն, օգտակար հանածոների որոնում, այլընտրանքային էներգիայի աղբյուրների (գեոթերմալ ջրերի) որոնման աշխատանքների և այլն: Այսինքն՝ աշխատում ենք չորս հիմնական՝ երկրի համար գերակա ուղղություններով: Շատ կարևոր է, որ որպես ակադեմիական ինստիտուտ, գտնվում ենք Գյումրիում և շատ լավ է, որ որպես առանձին կառույց ինստիտուտն իրեն արդարացնում է՝ իր գերակա, ռազմավարական նշանակության ուղղություններով, և պատրաստ ենք նույնիսկ առանց ինչ-որ ֆինասնական աղբյուրների համագործակցել համապաստասխան նախարարությունների հետ››:

11114058_10200267769013591_762546648969432678_n

 

Անդրադառնալով միջազգային համագործակցություններին՝ պարոն Կարապետյանը նշեց, որ այդ ոլորտում ինստիտուտը սերտ գիտական կապեր ունի, Ռուսաստանի Դաշնության, ԱՊՀ մի շարք երկրների, Ղազախստանի, ԱՄՆ-ի, Հունաստանի, Ֆրանսիայի, Իրանի, Վրաստանի, Թուրքիայի համակից ինստիտուտների հետ. ‹‹Տվյալ պահին ինստիտուտը կատարում է դրամաշնորհային ծրագիր ՌԴ-ի հետ՝ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի ֆինանսավորմամբ: Կատարում ենք նաև ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային կիրառական ուղղվածության ծրագիր»:

ՀՀ ԳԱԱ ԵԻՍԻ-ում իրենց գիտական գործունեությունն են ծավալում ակադեմիկոս, թղթակից անդամ, գիտությունների դոկտորներ, թեկնածուներ: Գիտության մեջ գերակա ՝ երիտասարդ գիտաշխատողների պակասի խնդիրն այստեղ, կարելի է ասել, չկա. ‹‹Ինստիտուտում ունենք երիտասարդ գիտնականների մի կորիզ, որոնք բավականին մեծ պատասխանատվությամբ են աշխատում և եթե կարողանանք պահել այս երիտասարդներին՝ բավականին դրական արդյունքներ կունենանք», -նշեց Ջ.Կարապետյանը:

11390367_10200383404744412_2669917646851541549_n

Ինստիտուտում երկար տարիներ, պարբերաբար կազմակերպվում են միջազգային գիտաժողովներ, որոնք նպատակաուղղված են երկրաֆիզիզիկայի, ինժեներային սեյսմաբանության, սեյսմակայուն շինարարության և երկրաֆիզիկական սարքաշինության արդի հիմնախնդիրներին: Վերջինը կազմակերպվել է այս տարի, որին ներկա են գտնվել տարբեր երկրների շուրջ քսանից ավել մասնագետներ, գիտաժողովի մասնակիցների ընդհանուր քանակն անցել է 100-ից: Ինչպես փաստում է Ջ. Կարապետյանը, դրսի մասնագետները հիացած էին իրենց մշակումներից, տված արդյունքներից, որի արդյունքում էլ նոր կապեր ստեղծվեցին և տարբեր ինստիտուտների հետ կնքվեցին գիտատեխնիկական համագործակցությաան պայմանագրեր. ‹‹Հիմա աշխատում ենք Վլադիկովկասի Երկրաֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի հետ, բավականին սերտ համագործակցում ենք Մոսկվայի Երկրաֆիզիկայի կենտրոնի հետ և ունենք բավականին գաղափարներ, որոնք կյանքի ենք կոչել, արդեն կան ռեալ պայմանավորվածություններ: Հուսով եմ, որ մեր հաջորդ հանդիպման ժամանակ կներկայացնեմ այն մշակումները, որոնք կատարել ենք համատեղ››:

Անդրադառնալով գիտական ոլորտի ցածր ֆինանսավորման խնդրին՝ ինստիտուտի տնօրենը նկատեց, որ այդ խնդիրը միշտ էլ եղել է, բայց պետք է հնարավորինս կարողանալ փնտրել ֆինանսական այլ աղբյուրներ. ‹‹Դրա համար ասում եմ, որ հիմա մեզ մոտ ձևավորվել է մի կորիզ, որի շնորհիվ բացի բյուջետային, բազային ֆինասնավորումից փնտրում ենք նաև այլ աղբյուրներ՝ միջազգային գրանտներ, պայմանագրեր, որ կարողանանք այդ բացը լրացնել, պահել երիտասարդ կադրերին»:

Այս ամենով հանդերձ ինստիտուտն, ինչպես ցանկացած այլ գիտական կառույց, ունի իր խնդիրները, մասնավորապես՝ սարքավորումների թարմացումն ու ժամանակակից սարքավորումներով համալրվելը. ‹‹Ճիշտ է, կարողանում ենք մշակել սեյսմիկ սարքավորումներ, բայց նորարական լաբորատորիան, տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնիկայի, միկրոէլեկտրոնիկայի լաբորատորիաները պետք համալրել ժամանակակից սարքավորումներով, որպեսզի նշված ուսումնասիրությունների որակն ավելի բարձր լինի:

Նշեմ նաև, որ մյուս տարի բավականին լավ գաղափարներ կան իրականացնելու. կիրառելով մեր մշակումներն՝ ունեցած բազայի հիման վրա՝ սեփական՝ հայկական արտադրության սարքավորումներով զարգացնելու ենք այս ոլորտը, և ամենակարևորը, կարողանալու ենք մեր արտադրածը դուրս հանել, վաճառել ՝ օգուտ բերելով պետությանը:

Վերջերս Ղազախստանում մասնակցեցի ֆուրումին՝ ներկայացնելով մեր մշակումները, սարքավորումները, որը նրանց կողմից հավանության արժանացավ, եղան համագործակցության առաջարկներ:

Ասեմ, որ ինստիտուտը բավականին փորձ ունի այլընտրանքային էներգիայի որոնման գործում, մյուս տարվա ընթացքում նույնպես մտածում ենք, որ կարող է միջազգային ծրագրերի մասնակցնեք՝ նշված գաղափարով:

Եվս մեկ անգամ նշեմ, որ մեր ինստիտուտը միշտ համարվել է սպեցիֆիկ, ռազմավարական նշանակությամբ գիտական կառույց, որը գտնվում է առանձին՝ ակադեմիական մյուս ինստիտուտներից հեռու, Գյումրիում, և մենք կարողանում ենք պահպանել ու զարգացնել այն: Շատ լավ կլինի, որպեսզի որոշակի ներդրումներ կատարվեն, որի պարագայում առավել կզարգացնենք նշված ուղղությունները››,- կատարվածի և սպասելիքների մասին ասաց Ջ. Կարապետյանը:

Վերջում Ջ.Կարապետյանը gmpress.am-ին նախադեպը չունեցող նորություն հայտնեց, որ այսօր ինստուտում ստեղծվել է ԻԴ. 0108 ‹‹Երկրաֆիզիկա, օգտակար հանածոների որոնման երկրաֆիզիկական մեթոդներ›› մասնագիտությամբ դոկտորական խորհուրդ, որը հնարավորություն կտա ինստիտուտում պատրաստել երիտասարդ գիտնականներ: Սա առաջին, միակ դեպքն է, որ Գյումրիում մասնագիտական խորհուրդ է բացվում. ‹‹Ինստիտուտում հիմա աշխատում են մոտ 20 երիտասարդ գիտնականեր, որոնց աշխատանքներն արդեն պատրաստ են պաշտպանության և սրանով հնարավորություն կստեղծվի արագ պաշտպանել և պատրաստել երիտասարդ կադրեր: Գյումրիում չկա մասնագիտական խորհուրդ, սա առաջինն է, նախադեպը չունեցող: Օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալությունս հայտնել ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին և Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանին՝ զարգացման նմանատիպ ծրագրի համար››,- նման աննախադեպ նորությամբ և ապագայի լավ հեռանկարներով ավարտեց մեզ հետ իր զրույցը ՀՀ ԳԱԱ ԵԻՍԻ տնօրեն Ջոն Կարապետյանը:

Զրուցեց՝ Մերի Եղիազարյանը

Leave a Response